Հեղափոխական Կահիրեն կանանց համար վտանգավոր տեղ է դարձել. Եգիպտոսի մայրաքաղաքի Թահրիր հրապարակից ռեպորտաժ անող ֆրանսուհի լրագրողը կարող էր ուղիղ եթերում բռնաբարության զոհ դառնալ:
Երիտասարդ եգիպտացիների մի խումբ հարձակվել է լրագրողի վրա. գործընկերը նրան օգնել է պատսպարվել մոտակա սրճարանում:
France 24 հեռուստաընկերությունը հաղորդում է, որ լրագրող Սոնյա Դրիդին Թահրիրում անցկացվող հերթական ակցիայի մասին պատմում էր՝ բողոքողների ֆոնին կանգնած: Օպեարտորը նկարահանել է այն պահը, երբ ակցիայի մասնակիցներից մեկը Դրիդիից խլում է խոսափողը, իսկ մնացածը հրելով դուրս են բերում աղջկան կադրից:
«Իմ կողքին նկարահանող թիմն էր, ես չէի սպասում, որ ինձ կարող է վտանգ սպառնալ», – հայտարարել է Դրիդին:
Հարձակվողները փորձել են լրագրողի վրայից հանել հագուստը, սակայն, նրա խոսքով, իրեն փրկել է ամուր գոտին, ինչպես նաև օպերատոր Աշրաֆ Հալիլը, ով օգնել է Դրիդիին մոտակա սրճարանը մտնել: Սրճարանի աշխատակիցները փակել են դռներն ու քաշել վարագույրները, սակայն երիտասարդները շարունակել են ծեծել դուռը՝ պահանջելով իրենց ներս թողնել:
Մոտ 20 րոպե անց Սոնյան և Աշրաֆը կարողացել են ետնամուտքով դուրս գալ և տաքսի նստել, բայց որոշ ժամանակ նրանց դարձյալ հետապնդել են մեքենաներով:
Լրագրողին և օպերատորին վերջիվերջո հանգիստ են թողել, իսկ Դրիդին արդեն դիմել է ոստիկանություն:
Նշենք, որ բողոքի ակցիան անցկացնում էին Եգիպտոսի գործող նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները: