«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսուհետ որևէ ձևաչափով չի ներկայացնում «Ժառանգություն» կուսակցությունը: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Քոքոբելյանը, իր հերթին, նշել է, որ ինքը և «Ազատ դեմոկրատների» մեկ այլ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը այլևս ֆորմալ առումով ներկայացնելու են «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:
Նա նշել է, որ ինքը խմբակցության նիստի ժամանակ առաջարկել էր, որ խմբակցությունը ղեկավարի ոչ թե Ռուբեն Հակոբյանը, այլ Զարուհի Փոստանջյանը, սակայն առաջարկը չի ընդունվել:
Հիշեցնենք, որ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միջև խնդիրները ծագել են անցյալ ամիս, երբ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե Քոքոբելյանը խախտել է պայմանավորվածությունը և վայր չի դրել պատգամավորական մանդատը:
Ավելի ուշ երկու գործիչները հայտարարություններով էին հանդես եկել:
Նշենք, որ այսօր մանդատից հրաժարված Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն որպես «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ներկայացվել է անկուսակցական Թևան Պողոսյանը: Նա առայժմ դիրքորոշում չի հայտնել խմբակցությունում առկա պառակտման մասին: