Ադրբեջանի ոստիկանությունը շաբաթ երեկոյան բերման է ենթարկել ընդդիմության մոտ 30 ներկայացուցիչների, ովքեր բողոքի ակցիա էին անցկացնել խորհրդարանը լուծարելու և իշխանափոխություն կատարելու պահանջով, հաղորդում է Reuters գործակալությունը:
Ադրբեջանի ազգային ճակատ և «Մուսավատ» կուսակցությունների ներկայացուցիչների խոսքով՝ միայն շատրվանների հրապարակում և Բաքվի ու Սումգաիթի այլ հատվածներում ավելի քան 110 մարդ է ձերբակալվել: Հոկտեմբերի 20-ին ձերբակալվածների թվում է եղել նաև «Ազատ երիտասարդություն» կազմակերպության անդամ Ուլվի Հասանլին:
Ձերբակալվածներից 10-ը ենթարկվել են 7-10 օր ազատազրկման, 20-ը տարվել են Բաքվից մոտ 60 կիլոմետր հեռավորութան վրա գտվող ամայի տարածքներ և այնտեղ ազատ են արձակվել:
«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ նախապես հայտարարված է եղել, որ ակցիան արտոնված չէ: Ոստիակության և Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ցրել են հրապարակում հավաքվող ակցիայի մասնակիցներին, ովքեր վանկարկում էին «Ցրել խորհրդարանը», «Ոչ կոռուպցիային»:
Խորհրդարանի լուծարման պահանջով բողոքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ համացանցում տարածվել է պատգամավոր Գյուլար Ահմեդովայի և Ադրբեջանի միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլաևի զրույցի տեսաձայնագրությունը, որտեղ քննարկվում է 2005 թվականին վերջինիս պատգամավոր ընտրվելու համար անհրաժեշտ կաշառք տալու չափը: Զրույցի ընթացքում նշվում է, որ այն կազմում է 1.3 միլիոն ԱՄՆ դոլար:
Ահմեդովան արդեն հրաժարվել է իր պատգամավորական մանդատից՝ նշելով, որ ցանկանում է օգնել նախաքննությանը: