«Օդնակո» ռուսաստանյան ամսագրի խմբագիր Միխայիլ Լեոնտևվի երեկ հրապարակած «Հայաստանն իր ներկայիս վիճակում հայտվել է միայն Ռուսաստանի շնորհիվ» հոդվածը Ռուսաստանում շատ տարածված մտածելակերպ է արտահայտում, ինչը տապալված կայսրության բարդույթ է:
Այս մասին Epress.am-ին տված մեկնաբանությունում ասել է հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը:
Ըստ նրա՝ որքան էլ տարօրինակ է, Ռուսաստանը, լինելով մեծ պետություն, մրցում, ինքնահաստատվում է փոքր պետությունների հաշվին: Այն թշնամի է համարում Վրաստանին (նույնիսկ ոչ ամերիկյան ուժն այնտեղ տեսնելով), որպես թիրախ է ընտրում փոքր պետություններին, ինչպես Հայատանն է: Սա է, ըստ բանախոսի, Լեոնտևի հոդվածի հոգեբանական քաղաքական հիմքը:
Տեր-Աբրահամյանը նկատել է, որ հոդվածագիրն իր իմպերիալիստական դիրքորոշումն արտահայտելու համար չի խուսափել նաև որոշ փաստեր կոնտեքստից կտրելուց և դրանք նենգափոխված ներկայացնելուց:
Մասնավորապես, հոդվածագիրը ճիշտ է նկատել, որ Ռուսաստանն օգնել է հայկական կողմին Արցախյան պատերազմում, սակայն նա չի հիշատակել, որ Ռուսաստանը նաև ադրբեջանական կողմին է օգնություն ցուցաբերել: Տեր-Աբրահամյանը նկատել է, որ նման հավասարակշռություն պահելը բնական է կայսրության համար, և պատերազմները նրան են ձեռնտու, այլ ոչ թե հակամարտող կողմերին:
«Բացի դա, 1991 թվականին պատերազմը սկսվել է որպես պատերազմ ռուսական զորքերի հետ: Հետո՝ 1992 թվականին է պատերազմը վերածվել հայ-ադրբեջանական պատերազմի, դա էլ այն բանից հետո, երբ Ռուսաստանը զինամթերք է տվել Ադրբեջանին: Նման տրամաբանությամբ, մենք էլ կարող ենք ասել, ինչո՞ւ է Ղարաբաղը հայտնվել Սովետական Ադրբեջանի կազմում 20-րդ դարի սկզբին, ի՞նչ եղավ Արևմտյան Հայաստանին, մենք կարող ենք ասել, թե Ռուսաստանի պատճառով է, որ մենք կորցրեցինք մեր հայրենիքի մեծ մասը, քանի որ կռվեցինք ռուսական կողմի համար: Սակայն սա շատ հիմար տրամաբանություն է. մի փաստ վերցնել ու դրանով պահանջներ ներկայացնել», – ասել է Հրանտ Տեր-Աբրահամյանը:
Հրապարակախոսի կարծիքով՝ հոդվածը ներքին լսարանի համար է, այն չի կարող ռուսական քարոզչություն տանել Հայաստանում, բարդույթներ առաջացնել և արժանահավատ թվալ նույնիսկ Հայաստանում ապրող այն էթնիկ հայերին, ովքեր քաղաքական մտածելակերպով ռուս են:
«Մեր երկրում շատ են նման մարդրիկ, որոնք մտածում են, թե Հայաստանը չի կարող գոյատևել առանց Ռուսատանի, սակայն նման կոշտ կերպով ասել այդ մասին՝ նրանց էլ վիրավորական կթվա, ավելի մեղմ կերպով դա շատ է ասվել», – ասել է Հրանտ Տեր-Աբրահամյանը: