Home / Հայաստան / Ադրբեջանի նախագահի արտաշիրիմումը կարող է իրականացվել ընտանիքի կամքին հակառակ

Ադրբեջանի նախագահի արտաշիրիմումը կարող է իրականացվել ընտանիքի կամքին հակառակ

Համաձայն Ադրբեջանի քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի, արտաշիրիմումը կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ և այն դեպքում, եթե առկա է նախաքննությունն իրականացնող քննիչի և մեղադրող դատախազի միջնորդությունը:

Turan գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի երկրորդ նախագահ (1992-1993) Աբուլֆազ Էլչիբեյի ընտանիքի հայտարարությունն առ այն, որ իրենք չեն ցանկանում թույլ տալ Էլչիբեյի արտաշիրիմումը:

Սուլթանովի խոսքով՝ ընտանիքի անդամները կարող են ներկա լինել գերեզմանից շիրիմը դուրս բերելու գործընթացին: Միևնույն ժամանակ դատախազության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ քրեական օրենսգրքում չի նշված, թե ընտանիքի անդամները կարող են արգելել արտաշիրիմումը:

2 ամիս առաջ Ադրեբջանի դատախազությունը քրեական գործ էր հարուցել Էլչիբեյի հնարավոր թունավորման փաստի առիթով:

Նախաքննությունը սկսելու ֆորմալ պատճառ է հանդիսացել իշխանամետ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության ղեկավար Հաֆիզ Հաջիևի հայտարարությունը, ով ասել է, որ Էլչիբեյին թունավորել են իր կուսակիցները:

Մահացած նախագահի ընտանիքը, «Ադրբեջանի Ազգային ճակատ» կուսակցությունը, որի առաջնորդն էր Էլչիբեյը, ինչպես նաև մի շարք այլ ընդդիմադիր կուսակցություններ, Հաջիևի հայտարարությունը զառանցանք են որակել և համարել են, որ դա սադրանք է 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ:

Նշենք, որ Էլչիբեյը մահացել է 2000 թվականին Անկարայի «Գյուլհան» հիվանդանոցում քաղցկեղից: