Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում հոկտեմբերի 15-ին հայտնաբերված սիբիրախտ (սիբիրյան խոց) հիվանդության հետ կապված հանրության շրջանում առաջացած անհանգստությունն արդեն անցել է: Ներկա պահին իրավիճակը վերահսկվում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում իրականացվել են կենդանիների կրկնակի պատվաստումներ. այս պահին չկան հիվանդ կենդանիներ ու կենդանիների անկման դեպքեր:
«Չկա կենդանիների զանգվածային անկում: Պատվաստվել են և խոզերը, և ձիերը, և մանր ու խոշոր եղջերավոր անասունները, որոնք հիվանդանալով կարող էին մորթվելուց հետո մսեղիքի միջոցով հիվանդությունը փոխանցել մարդկանց: Օջախում գտնվող կենդանիները այլևս չեն կարող վարակվել», – ասել է Մկրտչյանը:
Մասնագետի խոսքով՝ վարակը տարածվել է մոտ ամիս ու կես առաջ Ծովակ գյուղում մորթված անասունի մսից, այնուհետ տարածվել կողքի համայնքներ՝ Վանեվան ու Տորֆավան:
«Հասնելով տեղ՝ պարզել ենք, որ համայնքի բնակիչներից մի քանիսի մոտ կասկածվում է սիբիրախտ հիվանդությունը ու տեղափոխել ենք հիվանդանոց, որտեղ էլ կատարվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները: Որոշակի աշխատանքներից հետո ուսումնասիրվել, առանձնացվել ո ախտահանվել են այն տարածքները, որտեղ իրականացվել է մորթ, կենդանիները ռեվակցինացիայի են ենթարկվել, կամաց-կամաց անցանք բնակիչների բնակարաններ, ի վերջո հասանք նրան, որ հասկացանք, որ ոչ ամբողջ խմբաքանակն ենք հայտնաբերել: Բնակիչներն ուղղակի թաքցնում էին մորթված անասունի հետքերը, սակայն երկար բացատրական աշխատանքներից հետո անցել ենք թաքնված միսը գտնելուն: Հայտնաբերվելուց հետո պարզվեց, որ վարակը առկա է մսի մեջ», – ասել է ասուլիսի մեկ այլ մասնակից Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի պատասխանատու Բաբկեն Պիպոյանը:
Մասնագետները վստահեցրել են, որ կազմակերպված համաճարակաբանական հետազոտությունները, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվելու են ու խստորեն վերահսկվելու է մսամթերքի շուկան:
«Կոչ ենք անում գյուղացիներին, ֆերմերներին, տնտեսվարող սուբյեկտներին, ֆիզիկական ու իրավաբանական անձանց, նրանց, ովքեր զբաղվում են անասնապահությամբ, մորթից առաջ անպայման դիմել համայնքի անասնաբույժին»,- եզրափակել է Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ, ըստ Առողջապահության նախարարության կայքի, սիբիրյան խոց ունենալու մեջ կասկածվող 15 մարդկանց մոտ հետազոտությունների արդյունքում մեկի մոտ սիբիրյան խոցը հաստատվել է, 9-ը նմուշներում հայտնաբերվել են սիբիրյան խոցի ոչ ախտածին հարուցիչներ (վերջինս պայմանավորված է վերքերի վաղեմությամբ և հակաբիոտիկային բուժմամբ, հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ), իսկ 5 նմուշում լաբորատոր հետազոտության արդյունքները եղել են բացասական: Մնացած հիվանդների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են: Ներկայումս սիբիրյան խոց ախտորոշմամբ հոսպիտալացված է 15 հիվանդ:
Բոլոր հիվանդների վիճակը բավարար է, ունեն առողջացման դրական տեղաշարժ: Նոր հիվանդներ չեն հայտնաբերվել: