Չեմպիոնների Լիգայի 3-րդ տուրի 1-ին խաղային օրվա մի քանի հանդիպումներ ֆանտաստիկ ընթացք ունեցան: «Մանչեսթեր Յունայթեդը» մեկնարկային 20 րոպեներից հետո սեփական հարկի տակ պարտվում էր պորտուգալական «Բրագային» 0:2 հաշվով, սակայն կարողացավ 3 գնդակ խփել և կորզել հաղթանակը: «Բարսելոնան» պարտվում էր շոտլանդական «Սելթիկին» 0:1: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Անդրես Ինյեստան հավասարեցրեց հաշիվը, իսկ հանդիպման 4-րդ ավելացված րոպեին Ժորդի Ալբայի խփած գնդակի շնորհիվ հաղթանակ տարան մրցակցի նկատմամբ 2:1 հաշվով: Իտալիայի չեմպիոնը՝ Թուրինի «Յուվենթուսը», Դանիայում չկարողացավ հաղթել համեստ «Նորդշյելանդին»՝ 1:1:
Սակայն անգամ այդ հանդիպումների թվում առանձնանում է «Շախտյոր»-«Չելսի» խաղը, որն ավարտվեց ուկրաինական թիմի հաղթանակով 2:1 հաշվով: Խաղի արդյունքը ոչ մի կերպ չի արտացոլում այն, ինչ կատարվում էր «Դոնբաս արենայում»: Դաշտի տերերը մեծ առավելություն ունեին Չեմպիոնների Լիգայի վերջին մրցաշարի հաղթողի նկատմամբ, և դեռևս առաջին խաղակեսում կարող էին խոշոր հաշվով առջևում լինել: Հենրիխ Մխիթարյանի թիմը բացեց հաշիվն արդեն 3-րդ րոպեին, երբ Ալեքս Տեյշեյրան տուգանային հրապարակի մատույցներից գրավեց մրցակցի դարպասի աջ ներքևի անկյունը:
«Շախտյորը» չդադարեցրեց ճնշումը՝ ևս մի քանի պահ ստեղծելով, սակայն Պետր Չեխն ամեն անգամ փրկում էր իր թիմին: Նա հետ մղեց գնդակը նաև Մխիթարյանի վտանգավոր հարվածից հետո: Առաջին խաղակեսում «Շախտյորի» կազմում հիանալի ֆուտբոլ խաղաց Վիլիանը, երկրորդ կեսում առաջատարի դերը ստանձնեց Ֆերնանդինյոն: Հենց նա խաղակեսի սկզբին գնդակը խլեց Էդեն Ազարից, այն փոխանցեց Լուիզ Ադրիանոյին և, պատասխան փոխանցում ստանալով, գրավեց Չեխի դարպասի աջ անկյունը:
Անգամ 2:0 հաշվի ժամանակ «Շախտյորը» շարունակեց գրոհել՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով մրցակցի դարպասին: Դրանցից երեքի հեղինակը Մխիթարյանն էր, ով երկրորդ կեսում ավելի ակտիվ էր գործում, սակայն ամեն անգամ գնդակի ճանապարհը փակում էր Չեխը: Հանդիպման ընթացքում դաշտի տերերն ընդհանուր առմամբ 23 հարված են կատարել դեպի անգլիացիների դարպասը, որոնցից 17-ը դարպասին: Այդ հարվածների մեծ մասը վտանգավոր գրոհների պտուղ էին: «Չելսին» իր առաջին իրական պահը ստեղծեց հանդիպման վերջում, երբ Ազարն անցում ու հարված կատարեց, սակայն գերազանց խաղաց դարպասապահ Պյատովը:
88-րդ րոպեին հյուրերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը. Իվանովիչի աջ եզրից կատարած փոխանցումը երզափակեց Օսկարը, սակայն անգլիական ակումբի վերջին կատաղի գրոհն այդպես էլ չստացվեց: «Շախտյորը» կարողացավ պահպանել հաղթական հաշիվը և այժմ միանձնյա գլխավորում է E խմբի մրցաշարային աղյուսակը:
E խումբ
Նորդշյելանդ (Դանիա) – Յուվենթուս (Իտալիա) 1:1
Շախտյոր (Ուկրաինա) – Չելսի (Անգլիա) 2:1
Շախտյոր – 7 միավոր, Չելսի – 4, Յուվենթուս – 3, Նորդշյելանդ – 1
F խումբ
ԲԱՏԵ (Բելառուս) – Վալենսիա (Իսպանիա) 0:3
Լիլ (Ֆրանսիա) – Բավարիա (Գերմանիա) 0:1
ԲԱՏԵ – 6, Բավարիա – 6, Վալենսիա – 6, Լիլ – 0
G խումբ
Սպարտակ (Ռուսաստան) – Բենֆիկա (Պորտուգալիա) 2:1
Բարսելոնա (Իսպանիա) – Սելթիկ (Շոտլանդիա) 2:1
Բարսելոնա – 9, Սելթիկ – 4, Սպարտակ – 3, Բենֆիկա – 1
H խումբ
Գալաթասարայ (Թուրքիա) – Կլուժ (Ռումինիա) 1:1
Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա) – Բրագա (Պորտուգալիա) 3:2
Մանչեսթեր Յունայթեդ – 9, Կլուժ – 4, Բրագա – 3, Գալաթասարայ – 1