Խանջյան 20 հասցեում կիսակառույցի շինարարարական աշխատանքներն ընթացել են ընթացակարգի խախտումներով, և այդ խախտումները վաղ թե ուշ բացահայտվելու էին, նույնիսկ եթե շենքը այսօր չփլուզվեր: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
«Ընկերությունը ստացել էր շինթույլտվություն, սակայն քանի որ չէր հասցրել նշված ժամկետում կառուցումն ավարտել, դիմել էր քաղաքապետարան ժամկետը երկարացնելու խնդրանքով: Հողի վերահսկման և քաղաքաշինության վարչությունը հերթական շրջայցերից մեկի ժամանակ բացահայտել էր, որ ընկերությունը նոր տրված ժամկետում էլ չի հասցրել ավարտին հասցնել գործը, ուստի տուգանել էր ընկերությանը ավելին քան 2.200.000 դրամի չափով»,- ասել է Գևորգյանը:
Քաղաքապետարանը այսօրվա փլուզումից հետո է պարզել, որ ընկերությունն առանց նոր ժամկետ սահմանելու շարունակել է շինարարությունը: «Միևնույն է՝ մյուս շրջայցի ժամանակ դա պարզվելու էր, և այս անգամ տուգանքը կրկնակի էր լինելու»,-ասել է Գևորգյանը: