Այսօր ժամը 13.10-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում, կան տուժածներ:
ԱԻՆ-ի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ փրկարարները փլատակների տակից դուրս են բերում տուժածներին:
Շտապօգնության աշխատակիցները 7 տուժածի տեղափոխել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժշկական կենտրոնից Epress.am-ին հայտնեցին, որ տուժածների վիճակը շատ ծանր է: Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Տուժածների ինքնությունը պարզվել է.
Կամո Կագրամանով (50 տ.), Արման (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլոդյա Մաթեվոսյան, Սիրակ Թովմասյան, Էդիկ Սուքիասյան (30տ), Ռոբերտ Առաքելյան (53 տ):
Բժիշկների գնահատմամբ` Արսեն Հայրապետյանի վիճակը միջին ծանրության է:
Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տուժածների հետազոտությունները հիմնականում ավարտվել են: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը վնասվածքներ ստացած շինարարներին դուրս է բերել շոկային վիճակից։
Հետազոտությունների արդյունքներով` պատահարից տուժածներից միայն երկուսի վիճակն է գնահատվում ծանր։ Մյուսներն ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։
Տուժածների վիճակին ծանոթանալու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այս պահին գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Panorama.am-ին հայտնել է, որ փլուզված շինության շինարարական աշխատանքներն ընթացել են առանց քաղաքապետարանի համապատասխան թույլտվության: