Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը մի միջանկյալ քայլ է ԼՂՀ միջազգային ճանաչման ճանապարհին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ավստրիալական ամենամեծ նահանգի որոշումը, ասել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Նա նկատել է, որ այս որոշումը շատ կարևոր է, և դա պետք է հավուր պատշաճի գնահատեն և չնսեմացնեն հատկապես Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ու խորացնեն հարաբերությունները Հարավային Ուելսի հետ:
«Եթե նման ներքին շարժում է սկսվում, ապա այդ տարածքի բնակչության մի մասը գոնե կողմ է երկրի ճանաչմանը: Եթե այդպես է՝ չի բացառվում, որ այդ նահանգի տեղական իշխանությունները կարող են հարաբերություններ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ: Դա արդեն լավ է»,- ասել է Արման Մելիքյանը:
Նա նշել է, որ նահանգի որոշումն էլ ավելի կարևոր է, քանի որ այն ամենամեծ նահանգն է:
Առաջին ճանաչումը, ըստ Մելիքյանի, կարող է նաև օրինակ ծառայել այլ նահանգների կամ այլ պետությունների կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար: