Home / Հայաստան / Ռուբեն Հայրապետյանի դեպքը քաղաքական հետապնդման օրինակ է. նախարար

Ռուբեն Հայրապետյանի դեպքը քաղաքական հետապնդման օրինակ է. նախարար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեպքը քաղաքական հետապնդպման վառ օրինակ է: Այս մասին «168 ժամ» պարբերականի հետ զրույցում հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նա հերքել է այն պնդումները, թե ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապդնում է իրականացվում:

«Քաղաքական հետապնդման օրինա՞կ եք ուզում Հայաստանում, ես Ձեզ կբերեմ նման դեպք. Ռուբեն Հայրապետյանի դեպքը հենց քաղաքական հետապնդման վառ օրինակ է, երբ պատգամավորին քաղաքական հետապնդման ենթարկեցին, երբ դե յուրե նա ոչ մի կապ չուներ «Հարսնաքարի գործի» հետ: Հայրապետյանը քաղաքական հետապնդման ենթակվեց այն դեպքում, երբ բացարձակ իրավական ոչ մի պատասխանատվություն տվյալ ողբերգության հետ չուներ: Այո, բարոյական ծանրությունը բեռ է, ու մենք տեսանք, որ այդ բեռի տակ Ռուբեն Հայրապետյանը կամովին հրաժարվեց մանդատից: Բարոյական բեռին, սակայն, գումարվեց քաղաքական տիպիկ հետապնդում` մամուլով, այսպես կոչված` քաղաքացիական հասարակության ինստիտուտներով: Ինչո՞ւ եմ ասում` «այսպես կոչված», քանի որ վստահաբար մեր քաղաքացիական հասարակությունը բաղկացած է տասնյակ, հարյուր-հազարավոր մարդկանցից, ոչ թե քաղացիական հասարակություն բրենդը մոնոպոլիզացնող մի խմբի հետ, որոնք իբրև պայքարում են մենաշնորհների դեմ, սակայն իրենք են փորձում քաղաքացիական դաշտում ստեղծել մենաշնորհային կարգավիճակներ: Ռուբեն Հայրապետյանի գործը տիպիկ քաղաքական հետապնդում էր ՀՀԿ-ի ու Ռուբեն Հայրապետյանի քաղաքական հակառակորդների կողմից», – ասել է Աշոտյանը: