Home / Տեսանյութեր / Ինչո՞ւ են ավելանում անթույլատրելի կառույցները. փորձագետը՝ Խանջյանի վրա փլուզման մասին

Ինչո՞ւ են ավելանում անթույլատրելի կառույցները. փորձագետը՝ Խանջյանի վրա փլուզման մասին

Խանջյան 20 հասցեում հոկտեմբերի 25-ին փլուզված կիսակառույց շինությունն ու նմանատիպ կառույցներ Օղակաձև զբոսայգում ընդհանրապես չպետք է լինեն: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Նրա խոսքով՝ Օղակաձև զբոսայգում  եղած թեթև կառույցեները, մասնավորապես, սրճարանները սկսում են հիմնավոր կառույցներ դառնալ,  ինչը բացարձակապես աննպատակահարմար է, սակայն, չնայած այս ամենին,  դրանք շարունակում են վերածել բետոնյա մեծ կառույցների:

«Փաստորեն, պարզվում է, որ ընդհանրապես  թույլտվություն չեն ունեցել շարունակել կառույցի շինությունը, սակայն շարունակել են շինարարությունը: Երևույթը, իհարկե, շատ վատ է», – ասել է Մինասյանը:

Ըստ նրա՝ պատկան մարմինները պետք է մինչև վերջ հետևողական ու խոսքի տերը լինեն, որպեսզի նման կառույցներ ուղղակի չկառուցվեն:

«Եթե արվում է թույլատրվածից ավելին, կամ տվյալ պարագայում կառույցն անթույլատրելի է եղել, ուրեմն ընդհանրապես պետք է զրկել ու հանել կառույցները նման տեղերից: Մենք անընդհատ ասում ենք՝ «անթույլատրելի է», իսկ կառույցները շարունակում են ավելանալ: Տվյալ դեպքում հսկողությունը խիստ չի եղել. պետք է հենց սկզբից կասեցվեր շինության կառուցումը: Նման վերաբերմունքը ես համարում եմ անթույլատրելի», – շեշտել է Ճարտարապետների միության նախագահը:

Նրա խոսքով ՝ հանձնաժողովը կքննարկի տեղի ունեցածն ու այնուհետ  կտա եզրակացությունը: