Վրաստանի իշխանութունների վարած թուրքամետ քաղաքականությունը տնտեսական կարճաժամկետ լուծումներ է տալիս, սակայն չի բխում հենց իրենց` վրացիների շահերից: Թուրք-ադրբեջանական գործոնը Վրաստանում թեմայով հանդիմանն այս մասին հայտարարել է ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը:
«Եթե այսպես շարունակվի, տարիներ անց Վրաստանում կարող են ընտրվել մուսուլման իշխանություններ»,- ասել է Թորոսյանը՝ կարծիք հայտնելով, թե Սահակաշվիլին ձախողվել է խորհրդարանական ընտրություններում նաև իր թուրքամետ քաղաքականության պատճառով:
«Դատելով նախընտրական խոստումներից՝ Իվանիշվին այլ քաղաքականություն է վարելու: Թե կկատարի իր խոստումները՝ կերևա ապագայում»,- ասել է Թորոսյանը, սակայն խուսափել է մեկնաբանել Իվանիշվիլիի հայտարարությունը, թե զարմանալի է, որ հայերը ապրում են Վրաստանում, թեև իրենց հայրենիքը մոտ է:
Ըստ Թորոսյանի՝ Սահակաշվիլիի կառավարության ՝ Հայաստանը տարածաշրջանային գործընթացներից հեռու պահելու ծրագրերից առաջինը Կարս- Թիբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցումն է: Երկրորդը՝ նավթային ոլորտում համագործակցությունը Ադրբեջանի հետ: Երրորդը՝ ՀԷԿ-երի ծրագիրն էր, որով թուրքական կապիտալը շատանում է Վրաստանում, քանի որ ՀԷԿ-երը թուքական ընկերություններն են կառուցում:
Թորոսյանը նշել է, որ Վրաստանում ու Թուրքիայում է միայն, որ հայ լինելը ամոթ է: Ըստ նրա՝ նման վերաբերմունքի փոխարեն՝ Վրաստանը պետք է շնորհակալ լինի Հայաստանի իշխանություններին, քանի որ նրանց շնորհիվ է, որ Ջավախում 90-ականներին անջատողական շարժումներ չսկսվեցին: «Հայաստանը չխրախուսեց նման շարժում, ի տարբերւթյուն Արցախյան գոյամարտի»,- հայտարարել է պատգամավորը: