Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան բանակցություններն ավարտին են մոտենում, և մնացել է ընդամենը մի քանի վերջնական շտրիխ համաձայնեցնել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթին հայտնի է դարձել, որ ԲՀԿ նախագահը համաձայնել է ստանձնել փոխվարչապետի պաշտոնը՝ լայն լիազորություններով:
Ըստ թերթի իշխանական աղբյուրների՝ ԲՀԿ-ին են տրվելու նաև 3 նախարարություն, 3 մարզ, բոլոր նախարարությունների ԾԻԳ-երը, Ծառուկյանը չի առաջադրվելու, և նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանին: Նոյեմբերին կամ ամենաուշը դեկտեմբերի սկզբին նախատեսվում է դրա մասին փաստաթուղթ ստորագրել:
«Փոխվարչապետի պաշտոնը Գագիկ Ծաոուկյանը կստանձնի նախագահական ընտրություններից հետո: ԲՀԿ-ն առայժմ հերքում է սույն տեղեկությունները: Մեր աղբյուրները, սակայն, պնդում են, որ այս պահին համաձայնությունը գրեթե կայացած է, իսկ այս ամենը կյանքի կկոչվի, թե ոչ` ժամանակը ցույց կտա», – գրում է «Հայկական ժամանակը»:
Թերթն ընդգծում է նաև, որ, մասնավորապես, Առողջապահության նախկին նախարար, ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանը վերադառնալու է իր պաշտոնին, իսկ ներկայիս նախարար Դերենիկ Դումանյանը կրկին դառնալու է Բժշկական համալսարանի ռեկտոր: Դա է պատճառը, որ Բժշկական համալսարանում դեռևս ռեկտորի ընտրություններ չեն նշանակվել: