Հոկտեմբերի 28-ին, ժամը 15:41-ին Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում եղանակային կտրուկ փոփոխությունների` կայծակի արդյունքում «ՏաԹևեր» ճոպանուղու անվտանգության համակարգն ավտոմատ դադարեցրել է ճոպանուղու ընթացքը:
Դադարի ժամանակ ճոպանուղու երկու խցիկները գտնվել են 18 մ բարձրության վրա: Խցիկների 41 ուղևորներին տարհանելու աշխատանքները իրականացրել են «ՏաԹևեր»-ի աշխատակիցները և ԱԻՆ փրկարարները:
Ինչպես նշված է «ՏաԹևեր»-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ, օպերատիվ կարգով բոլոր ուղևորներին տրամադրվել է ժամանակավոր կացարան, սնունդ, տեղում են եղել ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները:
«ՏաԹևեր»-ի աշխատանքն ի սկզբանե այնպես է ծրագրավորված, որ եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում ճոպանուղու ընթացքն ավտոմատ դադարում է` ապահովելով ուղևորների անվտանգությունը: Այնուհետև ավտոմատ կերպով կարգաբերվում են բոլոր ռեժիմները, և շարունակվում է խցիկների ընթացքը:
Ընկերությունը նշում է, որ տարհանումը կատարվել է օպերատիվ կերպով և բարձր պրոֆեսիոնալիզմով, ինչի մասին վկայում է «ուղևորների գոհունակությունը»:
«Այս միջադեպը և տարհանված ուղևորների գոհունակությունը վկայեցին, որ «ՏաԹևեր» ճոպանուղու անվտանգության համակարգերը և աշխտակիցների պատրաստվածությունը լիովին համապատասխանում են միջազգային ամենաբարձր չափնիշներին», – նշված է հաղորդագրության մեջ:
«ՏաԹևեր» ճոպանուղին պաշտոնապես գործարկվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին: Այն ձգվում է Որոտանի կիրճի վրայով 5.7 կմ երկարությամբ: Օդային անցուղին կամրջում է Սյունիքի մարզի Հալիձոր և Տաթև գյուղերը, ուղևորության տևողությունը մոտ 11 րոպե է: 2010 թվականի հոկտմեբերի 23-ին ճոպանուղին պաշտոնապես ստացել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքից հավաստագիր, որ այն ամենաերկար հետադարձելի ուղևորատար ճոպանուղին է աշխարհում: