Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մեղադրական վճիռ է կայացրել ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ:
Դատավորը բավարարել է մեղադրող դատախազի միջնորդությունը և Գասպարիին տուգանել է 50.000 դրամով:
ՀԱԿ ակտիվիստը, սակայն, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ կարևորը ոչ թե տուգանքի փաստն է, այլ իր հանդեպ քրեական պատիժ սահմանելը: Նա պատրաստվում է բողոքարկել վճիռը:
Հիշեցնենք, որ Գասպարին մեղադրվում է կառավարության շենքի անցյալ տարվա հոկտեմբերին «Բանակն իրականում» նախաձեռնության անցկացված ակցիաներից մեկի ժամանակ խուլիգանություն անելու՝ այն ժամանակ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին «հանցագործ, խուլիգան» անվանելու մեջ:
Գասպարին համոզված է, որ իր դեմ գործը հարուցվել է, որպեսզի չքննվի նույն օրն ակցիայի մի քանի մասնակիցներ, այդ թվում՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փաստանջյանի, իրավապաշտպաններ Արթուր Սաքունցի և Լալա Ասլիկյանի դատախազություն ներկայացրած բողոքը:
«Ալիկ Սարգսյանը ոտնձգություն է իրականացրել բողոքի ակցիայի մասնակից Լալա Ասլիկյանի նկատմամբ` հրելով նրան և վնասելով նրա ցուցապաստառը», – ասված էր բողոքի մեջ:
Այսօր ակտիվիստը նշել է, որ իր դեմ հարուցված գործն օրինակն է նրա, թե ինչպես է իշխանական ողջ ապառատն աշխատում ՀՀ քաղաքացու և քաղաքացիական հասարակությաւնը ճնշելու համար:
«Ես շարունակելու եմ այդ երևույթների (բանակում զինծառայողների մահվան դեպքերի – խմբ.) վրա ուշադրություն հրավիրել: Ի հեճուկս դատախազի` չեմ լռելու: Ես թքած ունեմ այն դատախազության վրա, որ ձեռք է առնում որդեկորույս մայրերին: Իմ առավելությունն այն է, որ ես չեմ ստել: Ձեր համար բարոյական նորմն այն է, որ այդ խուլիգանը անցնի ժողովրդի միջով և հրի մարդկանց ու բոլորը լուռ մնան», – իր վերճին խոսքում ասել էր Գասպարին: