ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի պարը տանգո չէ՝ տանգոն պահանջում է երկու կողմ, իսկ այս պարագայում պարողներից մեկը պարել չի ցանկանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա խոսքով՝ իրականում խնդիրն ավելի խորն է ու դա կապված է ոչ միայն պարի հետ, երաժշտություն չկա՝ այսինքն ընդհանուր միջավայրը դրական չէ, որպեսզի պայմանավորի այդ պարը:
«Շատ պարզ է, որ նրանք իրար չեն սիրում. այսինքն՝ ռոմանտիզմ չկա: Անկեղծ ասած, ես երբեք չեմ կարողացել հասկանալ, թե նրանք ինչ են մտածում: Նշեմ, որ ՀԱԿ-ից Դավիթ Շահնազարյանը շատ խելացի քայլ կատարեց, որ դուրս ելավ այս ընդհանուր գործընթացից», -ասել է բանախոսը:
Կիրակոսյանը նաև նշել է, որ ինքը շատ կասկածամիտ է նմանատիպ դաշինքի ձևավորման հարցում, քանի որ շատ ուժեղ անհատներ են ներգրավված:
«Հայաստանի պատմությունից մի բան պետք է սովորենք՝ երբեք անսպանելի կամ անակնկալ քաղաքական դաշինքներ չեն ձևավորվել», – ասել է Կիրակոսյանը:
Քաղաքագետը նաև նշել է, որ իրական է համարում ԲՀԿ և ՀՀԿ-ի միջև գոյություն ունեցող հակասությունները:
«Արդեն անցել է այն կետը, երբ դա թատրոն էր, և դա տարբեր կլինի նախորդ ընտրություններից: Նախորդ ընտրություններին մենք ունեինք անհույս թեկնածուներ և կեղծ թեկնածուներ, ինչպիսին Արտաշես Գեղամյանն էր: Բայց այս դեպքում մենք տեսնում ենք իրական մրցակցություն և մարտահրավերներ: Եթե անգամ ԲՀԿ-ն չառաջադրի թեկնածու, ապա, այնուամենայնիվ, հակասությունը իրական է, որպես օրինակ՝ Օսկանյանի գործը», – ասել է Կիրակոսյանը: