Home / Հայաստան / Ստոր, անբարոյական, լկտի. Սերժ Սարգսյանը գնահատականներ է հնչեցրել

Ստոր, անբարոյական, լկտի. Սերժ Սարգսյանը գնահատականներ է հնչեցրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հերթական խորհրդակցությունն է հրավիրել՝ այս անգամ քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին առնչվող խնդիրների կապակցությամբ:  Խորհրդակցությանը, մասնավորապես, ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Նախագահը գովել է իրավապահ մարմինների աշխատակիցներին` փողերի լվացման և թրաֆիկինգի դեմ պայքարում իրենց տարած լավ աշխատանքի համար, սակայն ասել է նաև, թե ինչ թերություններ է նկատում նրանց աշխատանքում, ինչը առանձին դեպքերում արտահայտվում է «լկտի պահվածքով»:

«Պետք է փաստեմ, որ շարունակում է արդիական մնալ առանձին դատախազների անփութության կամ չարամտության խնդիրը, որը, ցավոք, արժանի գնահատականի չի արժանանում: Այս ուղղությամբ որոշակի քայլեր կատարվել են, ընդհուպ մինչև մեղավորներին պատասխանատվության ենթարկելը, սակայն առկա բացասական երևույթները չեն նվազել: Եվ մասնավոր հետևությունն այն է, որ առանձին անհատներ այս ամենից պարզապես դասեր չեն քաղել: Դասեր չեն քաղել, որովհետև դատախազության ներսում ես չեմ տեսնում սուր պայքար այդ երևույթների դեմ է:

Այս կարճ ժամանակահատվածում նախագահի աշխատակազմում քաղաքացիներից ստացված դիմումների և բողոքների ստուգման արդյունքում նախաքննական պրակտիկայում բացահայտվել են փաստեր, որոնք ուղղակի անհամատեղելի են առողջ բանականության հետ: Հերիք չէ, որ քննությունը վարող պաշտոնյաները գործի հանգամանքները պարզելու փոխարեն կեղծիքների միջոցով փոխում են դեպքի փաստերը, դեռ հովանավորում են հանցագործներին և պարտակում հանցագործությունը: Ավելին՝ որոշ դեպքերում հանցագործությունը բարդում են ուրիշի վրա: Իրավապահ մարմնի աշխատողի կողմից ավելի ստոր և անբարոյական արարք ես ուղղակի չեմ պատկերացնում: Մենք այսօր դեռևս այդ փաստերի մասին կլսենք:

Ձեր գործունեության ուսումնասիրության ընդամենը երկու-երեք ամիսների ընթացքում պարզվել է, որ, օրինակ.

– դատախազի թողտվությամբ հանցանք կատարած մի քանի անձինք գործով դառնում են վկա, նույնիսկ ոչ թե թողտվությամբ, այլ նրա ակտիվ մասնակցությամբ

–  դատախազը հանցավորության դեմ պայքարելու փոխարեն ինքն է հանցանք կատարում և հայտնվում հետախուզության մեջ: Եվ որևէ մեկը որևէ պատասխանատվություն դրա համար չի կրում՝ ո՛չ նրա անմիջական պետը, ո՛չ դատախազության այն պաշտոնյան, որ պարտավոր էր ի պաշտոնե նաև հսկողություն իրականացնել այդ դատախազի գործունեության նկատմամբ

– Հաջորդը՝ օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու փոխարեն լկտի պահվածքով վիճաբանում է իրավապահ այլ մարմնի աշխատակցի հետ: Վիճաբանությունն էլ, երևի, այստեղ ճիշտ բառը չէ: Ոստիկանության աշխատողին նրա պետի միջոցով հրավիրում է իր աշխատասենյակ և լկտիաբար նրան ապտակում, այսինքն՝ ծեծում: Եվ անպայման ես պետք է միջամտեմ, որպեսզի այդ մարդը ոչ թե քրեական պատասխանատվության ենթարկվի, այլ ուղղակի նրան ազատեն դատախազության համակարգից: Եթե դատախազը ինքը պետք է ինքնադատաստան տեսնի, ինքը պետք է այդպես վարվի, դատախազը ուրիշներից ի՞նչ կարող է պահանջել

– Հաջորդը՝ դատախազի կոչմանը ոչ վայել իրավիճակում հայտնվելու դեպքում, մնում է անպատիժ: Այսինքն, դատախազը փողոցում կռիվ է սարքում, պարզ է՝ աղմուկից հետո քրեական գործ է հարուցվում, և հետո չեղած վկա ներգրավելով, բոլոր հնարավոր, անհնար միջոցներով տանում են և ուրիշին են ուզում դատապարտել:

Հանցավոր, արատավոր միտում կա՝ գործերը քննելիս, մեկ էլ հանկարծ 15 տարվա գործունեությունն ուսումնասիրելու անհրաժեշտություն է ի հայտ գալիս: Հանձնարարում են հարկայինին՝ այս կազմակերպության վերջին 15 տարվա գործունեությունն ուսումնասիրի: Հարյուրավոր մարդկանց պետք է քննել, այն դեպքում, երբ դա գործի հետ քիչ առնչություն ունի: Եվ այս ամբողջը բացատրում են գործի համապարփակ, ամբողջական քննությամբ, իբր: Ի՞նչ գործ ունեք: Հանցագործությու՛նը բացահայտեք:

Եվ սրանք արձանագրված դեպքերից միայն մի քանիսն են: Ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ընդհանրապես, իրավապահ մարմնում ինչպե՞ս կարող է այսպիսի մթնոլորտ լինել: Այսինքն, դա նշանակում է, որ որոշ մարդիկ հղփացել են: Եթե մարզի դատախազի տեղակալը մտածում է, որ ինքը կարող է այդպիսի արարք թույլ տալ, ես ուրիշ կերպ մտածել չեմ կարող», – Սերժ Սարգսյանի խոսքերը փոխանցում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Պաշտոնական հաղորդագրության համքձայն, խորհրդակցության մասնակիցներին «ներկայացվել է քրեական գործերով նախաքննության վիճակի գործնական խնդիրների վերաբերյալ ՀՀ նախագահի աշխատակազմում իրականացված վերլուծությունը»:

«Ներկայացված օբյեկտիվ տվյալները և դրանց համակողմանի վերլուծությունը թույլ են տվել եզրակացնել, որ՝

• քրեական գործերով նախաքննության համար պատասխանատու անձանց կողմից ոչ պատշաճ են իրականացվում կամ ընդհանրապես չեն իրականացվում իրենց դատավարական լիազորությունները

• անձի դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների քննության ընթացքում խախտվում է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարելու պահանջը

• դրա հետևանքով չեն լուծվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խնդիրները` հանցանք կատարած անձինք չեն ենթարկվում քրեական պատասխանատվության, ակնհայտ անմեղ անձինք մեղադրվում են հանցանքի կատարման մեջ կամ առանց անհրաժեշտության ենթարկվում են իրավունքների սահմանափակման

• իրենց գործունեության մեջ խախտումներ թույլ տված պաշտոնատար անձինք չեն ենթարկվում կատարածին համարժեք պատասխանատվության կամ ընդհանրապես մնում են անպատիժ

• անմիջական իրավակիրառողներն իրենց գործունեության բարելավման կամ դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակման, իրականացման գործում անհրաժեշտ նախաձեռնություն չեն ցուցաբերում:

Հաշվի առնելով արձանագրված խնդիրների բնույթը և դրանց առաջացրած հետևանքները՝ Հանրապետության նախագահը իրավիճակի շտկմանն ուղղված հանձնարարականներ է տվել կոնկրետ պատասխանատուներին», – նշում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Խորհրդակցության ավարտին Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ շահագրգիռ վերաբերմունք է ակնկալում ՀՀ գլխավոր դատախազից, դատախազի տեղակալներից, քննության պատասխանատուներից:

«Ես պահանջում եմ բոլորից սկզբունքայնություն: Յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն ունենա, և այդ պատասխանատվությունը պետք է ֆիքսված լինի:

Մենք 2012թ. առաջին եռամսյակի արդյունքներով նորից անդրադառնալու ենք քննության որակին և կոնկրետ փաստերին», – ընդգծել է երկրի ղեկավարը: