2012 թվականի սեպտեմբերին ՀՀ զինված ուժերում գրանցվել է սպայի կողմից զինծառայող Վանյա Կարապետյանին և մի քանի այլ զինվորներին ծեծի ենթարկելու դաժան և արժանապատվությունը նվաստացնող դեպքը, որի ծավալները փորձում են կոծկել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
Հաղորդագրության հեղինակները նշում են, որ Վանյա Կարապետյանը զորակոչվել է 2010թ. նոյեմբերի 19-ին ԼՂՀ ՊԲ Մադաղիսի զորամաս: Նա ՀՀ զինված ուժեր զորակոչվելու ժամանակ ունեցել է լուրջ առողջական խնդիրներ, որը զորակոչային բժշկական հանձնաժողովը և զինկոմիսարիատը հաշվի չեն առել:
Մասնավորապես, դեռևս մանկուց Կարապետյանի աջ ցուցամատը միջնամասից կտրված է եղել, ինչպես նաև ունեցել է ոտքերի այրվածք: Երիտասարդին նման առողջական խնդրի պատճառով դպրոցում ազատել են գրավոր աշխատանքներ գրելու պարտականությունից, իսկ ոտքերի հիվանդության պատճառով դժվարություններ է ունեցել տևական ժամանակ կոշիկներ կրելու դեպքում: Զինկոմիսարիատում անուշադրության են մատնել այս փաստը, բուժհետազոտման ուղեգիր չեն տրամադրել և զորակոչել են պարտադիր զինվորական ծառայության, նշում է իրավապաշտպան կազմակերպությունը:
Ըստ Վանյա Կարապետյանի ծնողների հայտնած տեղեկատվության՝ զորամասում ծեծի ենթարկելու դեպքը տեղի է ունեցել մարտական հենակետում 2012 թվականի սեպտեմբերին: Հերթապահություն անցնելու ժամանակ, գիշերը ժամը 3-ին, վաշտի հրամանատար Գևորգ Քարամյանը եկել է ստուգման և մարտական դիրքում գտնվող զինծառայողներին կապավորի քնած լինելու պատճառով շարվելու հրաման է տրվել: Կարապետյանը շարման հրամանի ժամանակ, ըստ ժամանակակարգի, եղել է քնած վիճակում և ուշանալու պատճառով 3 անգամ ծեծի է ենթարկվել թիկունքի գծով գումարտակի հրամանատարի տեղակալ Կամո Սարգսյանի կողմից՝ միաժամանակ կատարելով նրա հանվել-հագնվելու երեքանգամյա հրամանը:
«Հայտնվում է նաև, որ Կարապետյանը մեկ անգամ ծեծի է ենթարկվում ուշանալու համար, մեկ անգամ՝ հերթապահությունն ավարտելուց հետո զենքը չմաքրելու համար և մեկ անգամ` վրանի պատռվածքի համար: Կամո Սարգսյանը մարտական հերթապահության ընթացքում ծեծի է ենթարկել ոչ միայն Կարապետյանին, այլև մյուս զինծառայողներին, բացառությամբ սանհրահանգիչի և ևս մեկ հոգու: Ի դեպ, Կամո Սարգսյանի վրանը զինծառայողների շրջանում հայտնի է եղել որպես «ռինգ»: Վերջինս զինծառայողների դաստիարակության որպես հիմնական մեթոդ կիրառել է ծեծը, որը տեղի է ունեցել գումարտակի զինծառայողների գրեթե կեսի նկատմամբ», – նշում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Դիրքերից զորամաս տեղափոխվելուց հետո ուժեղ գլխացավերի պատճառով Կարապետյանը դիմել է բուժակին: Վերջինս նրան տվել է գլխացավի դեղեր, սակայն շարունակական գլխացավերի պատճառով Կարապետյանին տեղափոխել են Ալաշայի հոսպիտալ, մյուս օրը` Ստեփանակերտի, իսկ 2 օրից` ուղղաթիռով տեղափոխել են Երևանի Մուրացանի հոսպիտալ, որտեղ սեպտեմբերի 23-ին նա ենթարկվել է վիրահատության: Այժմ Կարապետյանը գտնվում է հետվիրահատական վերականգնողական շրջանում:
Ծնողների պնդմամբ՝ իրենց չեն հայտնել որդու` հոսպիտալում գտնվելու, նրան բժշկական ծառայություն տրամադրելու և առողջական վիճակի մասին տեղեկություններ. միայն Երևան տեղափոխված ժամանակ` վիրահատության նախորդ օրը, բուժքույրերից մեկը հեռախոսով տեղեկացրել է ծնողներին: Նրանց չեն տրամադրվել նույնիսկ Կարապետյանի առողջական վիճակի մասին վկայող բժշկական փաստաթղթերը:
«Բռնության դեպքի մասին ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված Կարապետյանի ծնողների 2 նամակներն էլ մնացել են անարձագանք: Ծնողները որդու նկատմամբ բռնության դեպքով հանդիպել են ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանդյանին, որը խոստացել է անպայման միջոցներ ձեռք առնել և պատժել մեղավորներին: Սակայն, Կամո Սարգսյանը շարունակում է մնալ ազատության մեջ և հայտնի չէ, թե արդյոք նրա նկատմամբ առաջադրվել է մեղադրանք: Ավելին, բողոքների քննության ընթացքի վերաբերյալ քննիչը /կոչումով մայոր, անունը՝ Արտաշ/ հայտնել է, որ Կամո Սարգսյանը գտնվում է զորավարժությունների մեջ, և նրա նկատմամբ հնարավոր չէ քննչական գործողություններ իրականացնել:
Եթե Կամո Սարգսյանը շարունակում է ծառայությունը, ապա գտնվելով նրա հսկողության ներքո՝ զինծառայողները քննչական մարմիններին ի վիճակի չեն լինելու ներկայացնելու բռնության մասին օբյեկտիվ և պատշաճ բացատրություններ: Սա որակվում է որպես քննչական մարմնի անգործություն, որը միտված է հանցագործության ծավալները կոծկելուն ու միայն Կարապետյանի դեպքով քննությունը տանելուն:
Հերթական անգամ արձանագրում ենք ՀՀ զինված ուժերում սպայի կողմից զինծառայողների նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող դեպքը: Հերթական անգամ պաշտպանական գերատեսչությունը չի տեղեկացնում հանցագործության մասին, որը հանգեցրել է զինծառայողների կյանքի համար ծանր հետևանքների: Նման իրավիճակը ակնհայտորեն անհամարժեք է զինծառայության կանոններին: Սույն հայտարարությամբ պահանջում ենք ապահովել դեպքի քննության հրապարակայնություն», – եզրափակում է իրավապաշտպան կազմակերպությունը: