Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա այցով մեկնելու է Գերմանիա: Այցի ընթացքում Էրդողանի դեմ պատրաստվում են բողոքի ակցիաներ անցկացնել քրդական կազմակերպությունները, որոնց սատարում է Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությունը, ալեվիների հասարակական կազմակերպությունները, հայկական և ասորական համայնքի ներկայացուցիչները, գրում է Today’s Zaman-ի կայքը:
Կայքի տեղեկություններով, բոլոր կողմերը պատրաստվում են այսօր Բեռլինի ժամանակով 10:30-ին (Երևանի ժամանակով 13:30) հավաքվել Բրանդենբուրգյան դարպասների մոտ՝ այնտեղից Էրդողանի դեմ բողոքի ցույցը սկսելու նպատակով: Ցույցի կազմակերպիչն է Գերմանիայի ալեվիների միությունների ֆեդերացիան:
Վերջինիս ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որում նշում են, որ բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհ են Թուրքիայում քրդերի, ալեվիների, ինչպես նաև այլ կրոնական փոքրամասնությունների դեմ տարվող քաղաքականությունից և Թուրքիայի կողմից Սիրիայի նկատմամբ իրականացվող քաղաքականությունից: Նրանք պահանջում են դադարեցնել քրդերի և ալեվիների նկատմամբ ճնշումները, չմասնակցել Սիրիայում պատերազմական գործողություններին:
Ի դեպ, Քրդական բանվորական կուսակցության և Սիրիայի հարցերը Էրդողանը պատրաստվում է քննարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ:
Գերմանական կողմը պատրաստվում է բարձրացնել Թուրքիայում առկա մարդու իրավունքների ոտնահարման և խոսքի ազատության սահմանափակման խնդիրները:
Էրդողանը մասնակցելու է նաև Բեռլինում նոր կառուցված Թուրքիայի դեսպանատան շենքի բացման արարողությանը: Գերմանիայում Թուրքիայի դեսպանատան նոր շենքն այդ երկրի ամենամեծ դիվանագիտական ներկայացուցչությունն է աշխարհում: