Home / Հայաստան / Բեռնատար գնացքը բախվել է մեքենայի. զոհ և վիրավորներ

Բեռնատար գնացքը բախվել է մեքենայի. զոհ և վիրավորներ

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Արտենի-Քարակերտ ուղեմասում բեռնատար գնացքը բախվել է OPEL մակնիշի մեքենայի, հաղորդում է «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը:

Արտակարգ արգելակման պարագայում գնացքը բախվել է մեքենային՝ շպրտելով այն 6-7 մ հեռավորության վրա: Դժբախտ պատահարի արդյունքում մահացել է մեկ և տուժել են 4 մարդ:

ՀԿԵ-ն հաղորդում է, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել մեքենայի վարորդի անզգույշության պատճառով, ով երկաթուղային գծերը հատելիս հաշվի չի առել նախզգուշացնող նշանները, որոնք փաստել են հնարավոր մոտեցող գնացքի մասին:

Ընկերությունը հիշեցնում է վարորդներին, որ պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել:

«Իր կողմից ՀԿԵ-ն ձեռնարկում է բոլոր քայլերը պահպանելու անվտագությունը. իրականացվում է  երկաթուղային անցումների հագեցման և վերանորոգման ծրագիրը, պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվում  անցումների խախտումները և թերությունները բացահայտելու համար, հերթապահների հետ տարվում են տեխնիկական պարապմունքներ:

Երկաթուղային տրանսպորտը, ինչպես և ավտոմոբիլայինը, չի կարող միանգամից կանգ առնել. արտակարգ արգելակման դեպքում ուղևորագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր», -նշում է ընկերությունը: