Home / Հայաստան / Ինչ է նշանակում Սերժ Սարգսյանի՝ այլընտրանք չունենալը, գրել է Հովհաննիսյանը

Ինչ է նշանակում Սերժ Սարգսյանի՝ այլընտրանք չունենալը, գրել է Հովհաննիսյանը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի՝ այսօր արած հայտարարությանը, թե գալիք ընտրություններին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չունի մրցունակ այլընտրանք, գրել է, որ սրանով պարզ է դառնում, որ ներկայիս իշխանություններն իրենց նախորդների նման տապալվել են: Ըստ Հովհաննիսյանի՝ ցանկացած պետություն և իշխանություն պիտի ունենա այլընտրանք` երկրի ու նրա քաղաքացիների գերակա շահից ելնելով:

«Իհարկե` եթե իշխող կուսակցապետերն ու շտաբի պետերը նախորդների օրինակով առաջիկա ընտրությունները «վարեն» իրենց հակասահմանադրական մեղսագործություններով` մեծ փողեր, նյութական այլ արժեքներ բաժանելով` որպես կաշառք, համայնքապետերին ստիպելով ու սպառնալով, հարյուրավոր պետական շենքեր օգտագործելով նեղ կուսակցական նպատակների համար, շահագործելով մեր դպրոցների, հիվանդանոցների, հանրային այլ հաստատությունների աշխատակազմերին (անգամ` աշակերտներին և ուսանողներին), մեր հպարտության ակունք հանդիսացող զինվորներին` սովորական մյուս իրավախախտ խմբերի հանգույն, ուղարկելով դեպի պարտադիր ու բազմակի քվեարկության և այլն, ապա, իհարկե, գործող անայլընտրանքը «լուրջ» մրցակից չի ունենա», – գրել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ իրապես ազատ և արդար ընտրության դեպքում, սակայն, իրականությունն այլ կլինի. Հայաստանը կունենա ժողովրդին պատկանող մրցակիցներ, կունենա և´ նոր նախագահ, և´ արժանապատիվ քաղաքացի, և´ ամուր պետություն ու շենշող ապագա:

 

«Թող սեփական մեղքերը չթաքցնեն: Իսկ եթե չեն վախենում իսկական մրցակցությունից` համապատասխան քայլեր անելու պահը հիմա է:

Մեր հայրենիքի վաղվա օրը մեր ժողովրդի ձեռքում է և նրա կամքի մեջ: Մենք, ի վերջո, ուզո՞ւմ ենք մեր խոսքն ու գործը մեկ անել:

Ուրիշ տեղ չնայենք», – եզրափակել է «Ժառանգության» առաջնորդը: