Home / Հայաստան / Ոռոգման համակարգ չկա, բայց գյուղում երրորդ պոչամբարն են ցանկանում կառուցել

Ոռոգման համակարգ չկա, բայց գյուղում երրորդ պոչամբարն են ցանկանում կառուցել

Արագածոտնի մարզի Մելիք գյուղի վարչական տարածքում «Գլոբալ Գոլդ» ընկերության մաս կազմող «ՄեգոԳոլդ» ՍՊԸ-ն պատրաստվում է մոտ 7 հա տարածք ընդգրկող պոչամբար կառուցել: Երեկ Մելիք գյուղում տեղի են ունեցել ոսկու նոր հանքի կառուցման ծրագրի մասին հանրային լսումներ, որի մասին գյուղի հանրությունը տեղյակ չի եղել: Այս բացահայտումն արել են բնապահպանները, ովքեր անակնկալ այց են կատարել գյուղ:

«Պարզվեց, ոչ ոք չգիտի հանքի ծրագրի մասին, որը կառուցվելու է մի գոտում, որտեղ մինչև 9 բալ երկրաշարժի վտանգ կա: Մեզ տեսնելուց հետո գյուղապետը կանչեց, հավաքեց մի խումբ գյուղացիների, սակայն նրանց կարծիք հայտնել չէին կարող, քանի որ տեղյակ չէին, թե ինչ է կատարվում: Բայց հո գիտեն իրենց գյուղում երկու այլ՝ արդեն գոյություն ունեցող պոչամբարների մասին և դժգոհ են»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է «Էկոլուր» հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զառաֆյանը:

Բնապահպանների խումբն ուղևորվել է նաև տեղում ուսումնասիրելու՝  ինչ վիճակում են այդ երկու պոչամբարները: Պարզվել է, որ փոսերը լի են եղել ջրով, բաց վիճակում, առանց դրենաժային համակարգի:

Վիճակի մասին բնապահպանների կարծիքը լսելուց հետո գյուղապետը հրաժարվել է հանքի կառուցման իր համաձայնությունը տալ և պահանջել է ծրագրում մտցնել ռեկուլտիվացիա անելու մասին պարտավորություն:

Ռեկուլտիվացիան մարդկային ներգործության պատճառած վնասների վերացման, միջավայրի նախնական տեսքի բերմանն ուղված գործողություններ է ենթադրում: Հանքերի դեպքում ռեկուլտիվացիա անելու համար պետք է աղտոտված հողի մի շերտ գոնե հանել, ծածկել բաց պոչամբարները, հատուկ ծառեր տնկել, որոնք ծանր մետաղները կլանում են:

Բացի հին պոչամբարների խնդրից, գյուղացիները բարձրացրել են նաև իրենց գյուղում ոռոգման համակարգի հարցը՝ խնդրելով նոր հանքեր կառուցելու փոխարեն ոռոգում ապահվել, որպեսզի իրենք կարողանան զգաղվել գյուղատնտեսությամբ:

Ըստ «Էկոլուրի» հաշվարկների՝ եթե հանքը շահագործվի, այն շրջակա միջավայրին կհասցնի 4426.62 հազար դրամի տնտեսական վնաս:

Այժմ գյուղում սպասում են, թե ինչպես «Գլոբալ Գոլդ» ընկերությունը կարձագանքի իրենց պահանջներին: