Սպայի կողմից դաժան ծեծի ենթարկված և սեպտեմբերի 23-ին Երևանի Մուրացանի հոսպիտալում վիրահատության ենթարկված զինծառայող Վանյա Կարապետյանի վիճակը, ըստ բուժող բժիշկների, լավ է, սակայն մայրը խորհրդակցել է մի քանի այլ մասնագետների հետ ու պարզել, որ անկախ վիճակի ընթացքից՝ տղային պարտադիր պետք է լուրջ բուժում ստանալ արտասահմանում՝ հետագա բարդություններից խուսափելու համար: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է զինծառայողի մայրը՝ Գայանե Կարապետյանը:
«Բժիշկները ներկայացնում են, որ վիճակը լավ է, ճիշտ է, մենք շատ գոհ ենք բժշկական անձնակազմից, սակայն տղայիս ներվային վիճակը, հիշողությունները, այդ ամեն ինչը տեսնելով, մտածում եմ, որ լավ բան չկա: Մի քանի բժիշկների հետ խորհրդակցել եմ, ասել են, որ անպայման, գոնե, եթե ոչ մոտակա ամիսներին, ապա 6 ամիս անց պետք է բուժումը շարունակել դրսում», – պատմել է զինվորի մայրը՝ նշելով, որ ծեծի հետևանքով գլխի ճակատային և ետևի մասում տղան շատ լուրջ վնասվածքներ էր ստացել:
Նրա խոսքով՝ այսօր ստացվել է տղայի դատաբժշկական փորձաքննության վերջնական եզրակացությունը, որի արդյունքում կոնֆլիկտ է ծագել, երբ ինքը փորձել է ընթերցել այն:
«Պատճառաբանում էին, թե ես իրավունք չունեմ կարդալ եզրակացությունը, իբր զինվորը չափահաս է, ու ինքը պետք է կարդա: Ելնելով վիճակից, ես ասացի, որ միևնույն է՝ տղաս այն վիճակում է, որ չի հասկանա, թե ինչ է գրված: Թույլ տվեցին, կարդացի, գրված էր՝ «կյանքինն սպառնացող ծանր մարմնական վնասվածք է հասցվել», – ասել է Գայանե Կարապետյանը:
ՀՀ ՊՆ Քննչական վարչության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը Epress.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ԼՂՀ ՊԲ Մադաղիսի զորամասի թիկունքի գծով գումարտակի հրամանատարի տեղակալ Կամո Սարգսյանը ձերբակալվել է պաշտոնական դիրքը չարաշահելու կասկածանքով (375 հոդվածի 1-ին մաս):