Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով փլատակների տակ մնացած 11 հոգուց բաղկացած շինարարական բրիգադի անդամներից մեկը՝ Վոլոդյա Մաթևոսյանը, դեռևս գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում. նրա մոտ վիճակի փոփոխություն գրեթե չկա: Այս մասին Еpress.am-ի հայտնել են բժշկական կենտրոնից:
«Վիճակը շարունակում է մնալ շատ ծանր. ունի ողնաշարային կոտրվածքներ, որովայնային հեմոտոմա: Շատ բարդ վիճակ է, ու ամեն բան արվում է, աստիճանաբար՝ այսինքն դեղորայքային բուժմամբ, գնում ենք վիճակի կարգավորման», – ասել է բժիշկը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերիի 25-ին, ժամը 13.10-ի սահմաններում կիսակառույց շինության փլուզման հետևանքով տուժածներ Կամո Կագրամանովը, Արման Գրիգորյանը, Արսեն Հայրապետյանը, Նահապետ Բադալյանը, Վոլոդյա Մաթեվոսյանը, Սիրակ Թովմասյանը, Էդիկ Սուքիասյանը, Ռոբերտ Առաքելյանը տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Պարզվել էր, որ կիսակառույցի շինարարարական աշխատանքներն ընթացել են ընթացակարգի խախտումներով: Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ կառուցապատող ընկերությունը ստացել էր շինթույլտվություն, սակայն քանի որ չէր հասցրել նշված ժամկետում կառուցումն ավարտել, դիմել էր քաղաքապետարան ժամկետը երկարացնելու խնդրանքով: Հողի վերահսկման և քաղաքաշինության վարչությունը հերթական շրջայցերից մեկի ժամանակ բացահայտել էր, որ ընկերությունը նոր տրված ժամկետում էլ չի հասցրել ավարտին հասցնել գործը: