Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի փաստաբանները պահանջել են դատարան կանչել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին:
Նրանք հույս ունեն, որ Ռոնալդուի ցուցմունքը կօգնի հերքել անչափահաս պարուհի Քարիմա Էլ Մարուժի (հայտնի է որպես Ռուբի – խմբ.) խոսքերը, ով պնդում է, որ Բեռլուսկոնիյն վճարել է իրեն սեքսի համար, երբ ինքը 17 տարեկան էր:
Նա նաև պատմել է, որ «ուրախ ժամանակ է անցկացրել» Կրիշտիանու Ռոնալդուի հետ Միլանի հյուրանոցներից մեկում: Այդ պնդումը փաստաբանները հերքում են՝ ընդգծելով, որ Ռուբիի նշած ժամանակահատվածում Ռոնալդուն ընդհանրապես Միլանում չի եղել: Եվ եթե ֆուտբոլիստը հերքի պարուհու խոսքերը և ապացույցներ ներկայացնի, ապա փաստաբանները կարող են հարցականի տակ դնել նաև Ռուբիի՝ Բեռլուսկոնիին վերաբերող պնդումները:
Իտալիայի նախկին վարչապետին նաև մեղադրում են նրանում, որ ինքը ճնշում է գործադրել Միլանի ոստիկանության վրա՝ ստիպելով ոստիկաններին բաց թողնել Ռուբիին, ով ձերբակալվել էր գողության մեղադրանքով:
Անչափահասի հետ սեքսով զբաղվելու համար քրեական հոդվածը նախատեսում է մինչև 3 տարվա ազատազրկում, մինչդեռ ոստիկանության վրա ճնշման մեղադրանքն ապացուցվելու դեպքում Բեռլուսկոնիին մինչև 12 տարվա ազատազրկում է սպառնում: