Ֆրանսիայի Նիս քաղաքի դատախազը թղթադրամներ կեղծելու գործով անցնող Նիսի Հայ առաքելական եկեղեցու նախկին քահանա, այժմ Ստրասբուրգի թեմի հոգևոր հովիվ տեր Վաչե Այրապետյանի համար պահանջել է 3 տարվա ազատազրկում: Իր խոսքում դատախազը նշել է, որ տեր Վաչեն «խայտառակում է հայ համայնքը»: Այդ մասին հայտնում «Նիս Մատեն» թերթը: Համաձայն Ֆրանսիայի իրավապահ մարմինների` տեր Վաչեն խմբավորման անդամ է:
Խմբավորման ղեկավարներն են 49-ամյա Միհրդատ Ասատրյանը և 50-ամյա Ռոբերտ Մխիթարյանը, որոնց համար դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել:
Թերթը տեղեկացնում է, որ 36-ամյա տեր Վաչեն նաև յուրացրել է 30 000 եվրո, որ եկեղեցու դուռ գնելու համար իրեն տրամադրել է հայազգի մի մաֆիոզ, ով հետապնդվում է ոստիկանության կողմից:
Նիսի եկեղեցական վարչության և կրոնական համայնքի մի քանի անդամներ Epress.am-ին ասել են, որ «Տեր Վաչեն իր բոլոր ձեռնարկները համաձայնեցնում էր Գարեգին Բ-ի հետ, այն տրամաբանությամբ, որ նա միշտ հայտարարել է, որ ինքը կաթողիկոսի զինվորն է»:
Համայնքի անդամներից մեկը նշել է, որ «Տեր Վաչեն եկեղեցու տարածքում կերուխում և այլասերվածություն էր տարածում» և զարմանք հայտնել, ինչու է Գարեգին Բ-ն լռություն պահպանում հանցագործության մեջ մեղադրվող հոգևորականի հարցում: