Home / Հայաստան / «Վիճակներն այնքան էլ լավ չէր, բայց տեղափոխեցին». «Ուրալի» վթարից տուժածները Երևանում են

«Վիճակներն այնքան էլ լավ չէր, բայց տեղափոխեցին». «Ուրալի» վթարից տուժածները Երևանում են

Երեկ երեկոյան ԼՂՀ-ի Քարվաճառ բնակավայրի Հարուրի ձորի մոտակայքում վթարի ենթարկված «Ուրալ» մակնիշի զինվորական մեքենայի շրջվելու հետևանքով տուժած զինվորականներից 10-ը այս պահին գտնվում են Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալում: Այս մասին Epress.am-ին հայտնել են հոսպիտալից՝ նշելով, սակայն, որ առայժմ տուժածների վիճակների մասին որևէ բան հայտնել չեն կարող:

Երեկվանից Վարդենիսում գտնվող 5 տուժածներին էլ քիչ առաջ ևս տեղափոխել են Երևան:

«Չնայած վիճակներն այնքան էլ լավ չէր, այնումանենայնիվ, մենք հանձնարարություն էինք ստացել զինվորներին տեղափոխել Երևան», – Epress.am-ին հայտնել են Վարդենիսի հոսպիտալից:

Ավելի վաղ հոսպիտալից մեզ հայտնել էին, որ դեպքի մասին տեղեկություն ստացել են երեկոյան ժամը 23.30-ի սահմաններում, ու առաջին օգնությունը ցուցաբերել են հենց հոսպիտալի աշխատակիցները:

«Մեքենան շրջվել է զինվորականներին դիրքերից տեղափոխելիս: Թվով 19 զինծառայողներից երեքը հենց տեղում են մահացել, մեկը մահացել է հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, մնացածին տեղափոխել են Վարդենիսի ու Երևանի հոսպիտալներ»,- հայտնել է Վարդենիսի զինվորական հոսպիտալի բժիշկը:

Հիշեցնենք, որ պատահարի հետևանքով զոհվել են «Ուրալի» վարորդը՝ Արթուր Երեմյանը, ինչպես նաև Մանվել Աբիջանյանը, Սանասար Փիլոյանը և Գագիկ Վարդանյանը: Վերջին երեքը Արմավիրի մարզից էին, վարորդը՝ Արագածոտնի մարզից:

Վիրավորվածներն են`

  1. շարքային Սարգիս Ռուստամի Զաքարյան, ծնված 1973թ., ծառայում է 2006թ-ից,
  2. սերժանտ Գևորգ Մնացականի Գևորգյան, ծնված 1978թ., ծառայում է 2006թ-ից,
  3. շարքային Կարեն Հրաչի Հովհաննիսյան, ծնված 1979թ., ծառայում է 2006թ-ից,
  4. սերժանտ Էրիկ Ռաֆիկի Խաչատրյան, ծնված 1976թ., ծառայում է 2007թ-ից,
  5. շարքային Արման Մանվելի Մուրադյան, ծնված 1988թ., ծառայում է 2008թ-ից,
  6. շարքային Սանասար Ռոբերտի Գոմցյան, ծնված 1971թ., ծառայում է 2009թ-ից,
  7. սերժանտ Բաբկեն Գուրգենի Թառոյան, ծնված 1982թ., ծառայում է 2009թ-ից,
  8. շարքային Աշոտ Կոլյայի Մնացականյան, ծնված 1979թ., ծառայում է 2007թ-ից,
  9. շարքային Կարեն Կամոյի Ավետիսյան, ծնված 1989թ., ծառայում է 2006թ-ից,
  10. եֆրեյտոր Արմենակ Լիպարիտի Սահակյան, ծնված 1970թ., ծառայում է 2007թ-ից,
  11. շարքային Մխիթար Վալերիկի Երեմյան, ծնված 1983թ., ծառայում է 2009թ-ից,
  12. շարքային Դավիթ Ռաֆիկի Հարությունյան, ծնված 1988թ., ծառայում է 2010թ-ից,
  13. կրտսեր սերժանտ Արթուր Գարեգինի Եղիազարյան, ծնված 1987թ., ծառայում է 2008թ-ի,
  14. եֆրեյտոր Վարազդատ Գարեգինի Եղիազարյան, ծնված 1985թ., ծառայում է 2008թ-ից,
  15. շարքային Մանուկ Լևուշի Խաչատրյան, ծնված 1974թ., ծառայում է 2006թ-ից: