41-ամյա Աշոտ Սիմոնյանը, ով երեկ ՄԻՊ գրասենյակ է զագահարել և հայտնել, որ պայթեցնելու է Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում գտնվող «Ակբա Կրեդի Ագրիկոլ» բանկի շենքը, պարտքեր է ունեցել: Սիմոնյանը Հովտաշեն գյուղից է, ունի 3 անչափահաս երեխա:
«Հայկական ժամանակ» օրաթերթը զրուցել է Հովտաշենի գյուղապետ Խաչիկ Խաչատրյանի հետ, ով ներկայացրել է Սիմոնյանի պատմությունը.
«Երեք տարի առաջ ինքն էդ բանկից մի քանի վարկ էր վերցրել։ Գյուղում փոքր խանութ ուներ։ Վերցրած գումարով էդ խանութն էր աշխատացնում, բայց վերջը խանութը փակվեց, ու էլ չկարողացավ վարկը մարել:
Բանկն էլ սկսեց Աշոտի երաշխավորներից էդ փողերը պահել՝ մեկի թոշակից, մյուսի՝ աշխատավարձից։ Գյուղում մի 10 հոգի էսքան ժամանակ ստիպված էդ գումարներն ա վճարում։ Աշոտին ասում էին, թե՝ ախպեր, մի բան արա, մեղք ենք, հեսա մենք էլ ենք սնանկանալու։ Բայց ինքն էլ ի՞նչ կարա անի։ Չի աշխատում, ընտանիքը կինն ա պահում։ Չի դիմացել, դրա համար տենց բան ա ասել»:
Թերթը նշում է, որ Աշոտ Սիմոնյանի ընդհանուր պարտքը բանկին այժմ կազմում է շուրջ 19 հազար ԱՍՆ դոլար (շուրջ 7 մլն 700 հազար դրամ):
Եթե Սիմոնյանին մեղադրանք առաջադրվի ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հոդվածով, նա կարող է դատապարտվել մինչև 3 տարի ազատազրկման։