«Ժառանգության» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու հարցը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության քննարկումների օրակարգում չկա:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» (ԱԴ) կուսակցության մամուլի քարտուղար Անժելա Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր պաշտոնապես հայտարարել է 2013 թվականի փետրվարի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:
«Ինչպես բոլոր քաղաքական ուժերը, «Ազատ դեմոկրատները» ևս քննարկում են առաջիկա նախագահական ընտրություններին մեր մասնակցության ձևաչափերը:
Քննարկումներն ընթանում են, և երբ կլինի վերջնական դիրքորոշում, այդ մասին հրապարակավ հանդես կգանք», – Epress.am-ին հայտնել է կուսակցության մամլո քարտուղար Անժելա Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններին «Ժառանգությունն» ու ԱԴ-ն միասին հանդես եկան՝ «Ժառանգություն» կուսակցության անվան ներքո, և հաղթահարեցին 5 տոկոսանոց շեմը՝ ստանալով 5 մանդատ:
«Ժառանգության» և ԱԴ-ի միջև խնդիրները ծագեցին սեպտեմբերին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե ԱԴ-ի առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը խաբել է և իր օրինակով վայր չի դրել մանդատը, թեև նախապես նման պայմանավորվածություն է եղել:
Հոկտեմբերին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ ԱԴ-ի պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը չեն կարող հանդես գալ խմբակցության անունից: