Երեկ Մոսկվայի կենտրոնում անցկացվել է ռուս ազգայնականների քայլերթը, որին մասնակցել է ծայրահեղ աջ կուսակցությունների ողջ բույլը, այդ թվում՝ Ռուսաստանի նացիոնալ-սոցիալիստները: Ինչպես հաղորդում է lenta.ru կայքի թղթակից Իլյա Ազարը, քայլերթին մասնակցել է 7-8 հազար մարդ, սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, բացակայել է հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, ով դեռևս նոյեմբերի 3-ին գրել էր, որ հիվանդացել է: Վերլուծաբանների կարծիքով՝ Նավալնին, հասկանալով, որ լիբերալ ուժերն այսօրվա Ռուսաստանում ունակ են ավելի շատ մարդ փողոց դուրս բերել, որոշել է զերծ մնալ ծայրահեղական ազգայնականների հավաքին մասնակցելուց:
Իլյա Ազարը նշում է, որ «Ռուսական քայլերթ-2012»-ը երկու առանձնահատկություն ուներ: Առաջինը՝ ազգայնականներին 3 տարվա ընդմիջումից հետո թույլ էին տվել երթն անցկացնել անմիջապես Մոսկվայի կենտրոնում:
Երկրորդը՝ վերջին մեկ տարվա իրադարձությունների ֆոնին, երբ «Ազնիվ ընտրությունների համար» ընդդիմադիր հավաքները տասնյակ հազարավոր մարդկանց էին փողոց դուրս բերում, ազգայնականների հավաքն այլևս ամենամարդաշատը չէր:
Երթի մասնակիցների մի մասի դեմքը փակ էր, «փորձառու միտինգավորների» հետ քայլում էին նաև 15-16 տարեկան պատանիներ, որոնք հաճույքով վանկարկում էին՝ «Ռուսաստանը՝ ռուսների, Մոսկվան՝ մոսկվացիների համար է»:
Lenta.ru-ի թղթակիցը նաև միջին տարիքի մի կնոջ է նկատել, ում ձեռքին հետևյալ գրությամբ պաստառ էր. «Ասիացիներին, մոլդովացիներին և կովկասցիներին պետք է դատել ռուսների նկատմամբ ցեղասպանություն իրագործելու համար»:
Այդ կինը երիտասարդների հետ հաճույքով վանկարկում էր «Փառք Ռուսաստանին», իսկ երբ մի պահ բոլորը լռել են, բղավել է՝ «Ալլահը պիդ…..ծ է»:
Քայլերթի մասնակիցների հիմնական պահանջները կրկնվում են տարեց տարի՝ ապօրինի ներգաղթյալների դեմ պայքարը և կովկասցիների ու հրեաների «առատության» խնդիրը: Հավաքին մասնակցող կանանցից մեկը հարցազրույց էր տալիս գերմանական հեռուստաընկերությանը՝ բացատրելով, որ «մենք մեր փողերով ուսում ենք ապահովում ներգաղթյալների երեխաներին, իսկ նրանք զբաղեցնում են մեր աշխատատեղերը»:
Մի պապիկ էլ վստահ էր, որ «կովկասցիները ոչինչ չեն արտադրում, բայց գալիս են Մոսկվա և ստորացնում են մեզ»:
Ազարը նշում է, որ ազգայնական կուսակցությունների բույլից մի փոքր տարբեր էին նացիոնալ-դեմոկրատները Կոնստանտին Կրիլովի գլխավորությամբ: Նրանց կարգախոսները վերաբերում էին իշխանություններին, այլ ոչ թե ուղղված էին միայն հրեաների և կովկասցիների դեմ: «Ռուսներն ազատությունն են ընտրում», «Հերիք է կիսել Սիբիրը, հերիք է սնել Կովկասը», «Պուտինը գող է»՝ վանկարկում էին նրանք:
«Դասական» սքինհեդներն ավելի պարզունակ էին, նրանք գոռում էին՝ «Իշխանությունը սպիտակներին», «Ռուսական դպրոցները սպիտակ երեխաների համար»:
Ամենառադիկալը նացիոնալ-սոցիալիստներն էին, ովքեր պահանջում էին մահապատիժ մտցնել մանկապիղծերի և թմրանյութեր տարածողների համար, ինչպես նաև մուտքի արտոնագրեր սահմանել Կովկասից և Միջին Ասիայից Ռուսաստան ժամանողների համար:
«Ազատություն Անդրես Բրեյվիկին», «Նավալնին՝ պիդ…ծ»՝ վանկարկում էին նացիոնալ-սոցիալիստները:
«Ռուսական քայլերթի» կազմակերպիչներից մեկը՝ Դմիտրի Դյոմուշկինը, պատմել է ակցիայի նպատակների մասին: Բացի դասական պահանջներից, օրինակ, միջինասիացիների համար մուտքի արտոնագրեր սահմանելու անհրաժեշտությունից, նա նաև խոսել է «ապասովետականացնել երկիրը» և «Լենինի մարմինը հանել դամբարանից»:
Քայլերթն ավարտվել է հանրահավաքով, որին ազգայնականների մի մասը չի մասնակցել:
Այստեղ էլ ազգայնականները պահանջել են «մոբիլիզացնել ռուսներին», «ռուս ազգի իշխանություն ստեղծել», «ազատվել նեմցովներից, պուտիններից, ռիժկովներից և չուբայսներից»:
Նացիոնալ-դեմոկրատների առաջնորդ Կոնստանտին Կրիլովը հրաժարվել է ելույթ ունենալ, փոխարեն քննադատել է «Մեծ Ռուսաստան» կուսակցության ղեկավար Ալեքսեյ Սավելյեվին, ով քայլերթին մասնակցել է նացիստական համազգեստին նման հագուստով: Կրիլովի խոսքով՝ անգամ կարևոր չէ, որ Սավելևն իրեն նացիստ է անվանում, ավելի էական է, որ իր ելույթում վերջինս «դատարկ բաներ էր դուրս տալիս»:
Լուսանկարները՝ Իլյա Վարլամով, http://zyalt.livejournal.com