«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը վիրավորված չէ այն փաստից, որ «Ազատ դեմոկրատները» նույնիսկ չեն քննարկելու նախագահական ընտրություններին իր թեկնածությունը սատարելու հարցը: «Մի բան կարող եմ ասել` դա իրենց որոշումն է: Ես լավագույնն եմ մաղթում «Ազատ դեմոկրատներին»»,- այսօր լրագորղների հետ հանդիպանն ասել է Հովհաննիսյանը ու հավելել. «Ազատ դեմոկրատների թեման փակված է»:
Հարցին, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավ տանելու համար գումար է փնտրում ՀՀԿ-ից կամ ԲՀԿ-ից, բանախոսը պատասխանել է, որ իր կուսակցությունը չունի բիզնեսմեններ, այնպես որ ֆինանսական խնդիր կա, սակայն իրենք գումար են հավաքելու հանգանակության միջոցով: «Ժառանգության» ղեկավարը հիշեցրել է նաև, որ ՀՀ օրենքով յուրաքանչյուր թեկնածու քարոզչության համար կարող է ծախսել առավելագույնը 100 միլիոն դրամ:
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ 2013թ. ընտրություններին պայքարը լինելու է անհավասար, սակայն հաղթահարելի:
Ինքը՝ Հովհաննիսյանը, իր թեկնածությունը հավաքական է համարում:
«Ես ամեն ինչ կանեմ, որ լինի առավելագույն կոնսոլիդացիա տարբեր քաղաքական հոսանքների: Շատերը պատրաստվում են 2018թ-ին: Սակայն ես որոշել եմ, որ 2013թ. ես իմ վրա պետք է վերցնեմ, որ 2018թ. ունենանք ազատ ընտրություններին հարիր դաշտ»,- ասել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ իր առաջադրվելու մասին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր նոյեմբերի 2-ին՝ նշելով, որ առաջադրվելու է «առաջին ու վերջին անգամ»:
«Ես սա անում եմ որպես ՀՀ քաղաքացի, որ կրում է կամք, մեղք, պատասխանատվություն այս երկրի համար: Մեր երկիրը մեկի կուսակցապետությունը չէ: ՀՀ նախագահը պետք է կրի պատասխանատվություն: Ես խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր գիտակցում են ազգային շահի անհրաժեշտոեւթյունն այս պահին: ՀՀ շարքային քաղաքացին պետք է ապրի արժանապատիվ երկրում», – հայտարարել էր Հովհաննիսյանը: