Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն կոչ է արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին կատարել իր խոստումը և, այնուամենայնիվ, այցելել Նախիջևանի Ջուլֆա, որտեղ 2005 թվականին ադրբեջանական իշխանությունները քանդել էին հայկական գերեզմանատունը՝ վերացնելով հազարավոր խաչքարներ:
Երեկ Մորնինգսթարը հաղորդագրություն էր տարածել, որում նշել էր, թե ինքը այցելել է Նախիջևանի տարածաշրջան և տեղի իշխանությունների հետ քննարկել է հայկական գերեզմանատան խնդիրը, որը, ինչպես ընդգծել է դեսպանը, «վստահելի աղբյուրների փոխանցմամբ, հիմնովին ավերվել է»:
Դեսպանը նաև ափսոսանք է հայտնել, որ «տեղական իշխանությունները, որպես պատճառ բերելով անվտանգության նկատառումները, անհնար են դարձնել այցը տվյալ վայր», որտեղ ինքը կարող էր տեսնել, թե իրականում ինչ է կատարվել:
«ԱՄՆ-ի դեսպանը չի կարող ադրբեջանական կողմի «ոչ»-ը որպես բավարար պատասխան ընդունել», – հայտարարել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Վերջինիս խոսքով՝ Ռիչարդ Մորնինգսթարը կամ պետք է շարունակի «ծեծել Իլհամ Ալիևի դուռը՝ մինչև թույլտվություն կստանա այցելել գերեզմանատուն», կամ պետք է ինքնուրույն կազմակերպի իր այցը:
«Ամեն դեպքում հստակ է, որ, որպես ամերիկացիներ, մենք չպետք է զենք վաճառենք Ադրբեջանին, որը գերեզմանատներ է քանդում, ինչպես նաև չպետք է օգնենք մի երկրի, որը թույլ չի տալիս ԱՄՆ դեսպանին այցելել մշակութային ժառանգության վայրեր», – հավելել է Համբարյանը:
Իր հաղորդագրության մեջ կոմիտեն հիշեցնում է, որ 2012 թվականի հունիսին, երբ Սենատում քննարկվում էր Մորնինգսթարի՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան նշանակելու հարցը, սենատորներ Ռոբերտ Մենեդեսը և Բարբարա Բոքսերը հարցրել են նրան Ադրբեջանում հայկական ժառանգության ճակատագրի մասին: Ի պատասխան՝ Մորնինգսթարն ասել է, որ ինքը «կգործադրի հնարավոր ջանքերը հայկական գերեզմանատուն առավել կարճ ժամկետներում այցելելու համար»:
Նա նաև հավելել էր, որ կփոխանցի իր մտահոգությունները Ադրբեջանի կառավարությունը՝ շեշտելով, որ «Ադրբեջանում պետք է հարգեն և պահպանեն հայկական կրոնական և մշակութային կոթողները»:
Լուսանկարների համարդում՝ Սիմոն Մաղաքյան