Բրազիլիայի Կամպինա-Գրանդի քաղաքում առևանգել են Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» և Բրազիալիայի հավաքականի հարձակվող Հալկի քրոջը՝ Անժելիկա Վիեյրային: Այս մասին հայտնում է newsru.com-ը՝ հղում կատարելով բրազիլական ԶԼՄ-ներին:
22-ամյա աղջկա առևանգումը տեղի է ունեցել երեկ տեղական ժամանակով 14:00-ին:
Անժելիկան այցելել է Կամպինա-Գրանդիի ռեստորաններից մեկը, որտեղ պետք է հանդիպեր իր ընկերոջ Էլիո Պերեյրա դա Սիլվայի հետ: Ռեստորան մուտքի մոտ ատրճանակով զինված անհայտ անձինք ուժով հրել են Անժելիկային իրենց մեքենայի մեջ և հեռացել դեպքի վայրից:
Էլիոն ընկել է շոկային վիճակի մեջ և նրան հիվանդանոց են տեղափոխել: Այնտեղ նա բուժօգնություն է ստացել և երեկոյան դուրս է գրվել:
Հանցագործության հեղինակների պահանջները դեռևս հայտնի չեն, նրանք Անժելիկայի ընտանիքի հետ դեռևս կապ չեն հաստատել:
Բրազիլական ԶԼՄ-ների տվյալներով՝ Հալկին արդեն իսկ տեղեկացրել են կատարվածի մասին: Նա Սանկտ-Պետերբուրգում է, վնասվածքի պատճառով չի մեկնել Բրյուսել, որտեղ այսօր «Զենիթը» Չեմպիոնների Լիգայի հանդիպում է անցկացնելու «Անդերլեխտի» դեմ:
Անժելիկայի ընկերները և Հալկի երկրպագուները սոցիալական ցանցերի միջոցով դիմել են մարդկանց՝ խնդրելով հնարավորության դեպքում միջադեպի հետ կապված ամեն տեսակի տեղեկատվություն հաղորդել ընտանիքին և իրավապահ մարմիններին: