Գերմանիայի հյուպատոսարանը համագործակցում է ՀՀ իշխանությունների հետ: Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:
Դանիելյանի խոսքով՝ իր այս տեսակետն ապացուցվել է վերջերս, երբ հյուպատոսարանը չի ցանկացել իրեն մուտքի արտոնագիր տրամադրել՝ մեկնելու Բրյուսել՝ Եվրամիության և Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցելու համար:
Հոկտեմբերի 29-ին կայանալիք հանդիպմանը հրավիրված Դանիելյանին և «Սոցիոսկոպ» ՀԿ-ի նախագահ Էվելինա Գյուլխանդանյանին վիզա տրամադրելու համար հյուպատոսարանին դիմել էին Human Rights House միջազգային կազմակերպությունից, սակայն վիզայի հարցը հյուպատոսարանում ձգձգել են, նոր փաստաթղթեր պահանջել, անգամ Դանիելյանի քրոջ անձնագիրը:
Իրավապաշտպաններին թույլ չեն տվել հանդիպել հյուպատոսի հետ, ի վերջո, վիզա տրվել է՝ ընդամենը 4 օրով:
«Ես համոզված եմ, որ հյուպատոսը ճանաչում է ինձ: Նախկին դեսպանը իմ հիվանդասենյակում է անցկացրել մի օր, երբ ինձ վրա կրակել էին: Ավելին՝ իրենց գրել են հենց կազմակերպիչները և ասել՝ ինչ միջոցառման համար ենք մենք գնում Բրյուսել: Հարցը դա չէ, այլ այն, թե էդ ինչ չէին ուզում, որ մենք պատմենք ԵԽ և ԵՄ ներակայացուցիչներին Հայաստանում տիրող իրավիճակի մասին», – ասել է Միքայել Դանիելյանը:
Ըստ իրավապաշտպանի՝ Գերմանիայի դեսպանատան և իշխանությունների համագործակցության մասին վկայող այլ դեպքեր ևս եղել են: Մասնավորապես, իշխանության կողմից ստեղծված, հայտնի միջազգային կազմակերպության անունը կրող Human Rights House հայաստանյան կազմակերպությունն առաջին դրամաշնորհը ստացել է հենց Գերմանիայի դեսպանատնից: Իրավապաշտպանի խոսքով՝ նույն դեսպանատունը հրաժարվում էր մուտքի վիզա տրամադրել իրական Human Rights House-ի հայաստանյան ներկայացուցչության նախագահ Միքայել Դանիելյանին:
Իրավապաշտպանը նաև հիշեցրել է, որ, ԵՄ-ի որոշմամբ, իրավապաշտպանների համար մուտքի արտոնագիր ստանալու կարգը դյուրացված և արագացված պետք է լինի, ինչպես նաև հավելել, որ, օրինակ, Վրաստանի, Ռուսաստանի,Մոլդովայի և Ուկրաինայի իրավապաշտպանները շենգենյան գոտու մուտքի արտոնագրերը անվճար են ստանում:
Epress.am-ին խնդրի առնչությամբ հարցում է կատարել Գերմանիայի դեսպանություն, սակայն դեռևս պատասխան չի ստացել: