Նոյեմբերի 5-ին Մեղրիի զորամասերից մեկում մահացած Սարգիս Սահակյանի հարազատները չեն հավատում նախնական պաշտոնական վարկածին, համաձայն որի իրենց զավակն ինքնասպան է եղել: Այս մասին նրանք հայտնել են Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցներին:
Սարգիս Սահակյանը ՀՀ զինված ուժեր էր զորակոչվել 2011 թվականի դեկտեմբերին: Սկզբում ծառայել էր Արմավիրում, իսկ այս տարվա մայիսից՝ Մեղրիում: Նոյեմբերի 5-ին, 00:30-ի սահմաններում նրան գտել էին մարտական հենակետի գետնատնակի մոտ բերանի հատվածում մահացու հրազենային վիրավորումով:
Երիտասարդի հարազատները նշել են, որ Սարգիսը գոհ է եղել ծառայությունից և երբեք չի բողոքել:
«Բոլորս էլ գիտենք, թե ինչ վիճակ է տիրում զորամասերում, սակայն մեր Սարգիսը որևէ խնդիր չի ունեցել, հեռախոսազրույցի ժամանակ միշտ ասել է, որ գոհ է. երբ ուզում է պառկում է, երբ ուզում է՝ վեր է կենում», – ասել է Սարգիսի հորաքույրը:
Իրավապաշտպան կազմակերպության փոխանցմամբ՝ հարազատները պատմել են, դեպքից անմիջապես հետո հենակետում գտնվող ամբողջ անձնակազմին՝ 9 հոգի, տեղափոխել են ոստիկանություն, որոնցից 4 հոգին ազատ են արձակվել, իսկ մյուս 5 հոգուն տեղափոխել են Կապանի ոստիկանություն:
Սարգիսի հորաքույրը պատմում է, որ երկու օր առաջ էր խոսել նրա հետ, և իմացել, որ մի քանի օրից նա արձակուրդ պիտի գար:
Սահակյանների տուն այցելած իրավապաշտպանները նշել են, որ այնտեղ հավաքված մարդիկ՝ հարազատները և հարևանները, շարունակաբար բացառել են, որ Սարգիսը կարող էր ինքնասպան լինել:
«Նա գիտեր, որ ծնողները սպասում են իրեն, նա ծնողներին ցավ չէր պատճառի, իսկ երբ իմանում էր, որ հայրը ինչ-որ ծանր գործ է անում, Սարգիսն ասում էր, որ սպասի իրեն: Նրան համբերությունից հանելը նույնիսկ անհնար էր», – նշում են հարազատները:
Հարազատները նշել են, որ իրենք ունեցել են բոլոր հնարավորությունները Սարգիսին զինվորական ծառայությունից ազատելու համար: Մինչ զորակոչվելը Սարգիսը տարեկետում է ստացել 6 ամիս ժամանակով՝ գաղտնի թոքաբորբ ունենալու պատճառով, որը, ըստ Սարգիսի հոր՝ կարող էր պատճառ հանդիսանալ նրան հետագայում ազատելու համար: Սակայն տղան չի համաձայնել ազատվել զինծառայությունից և պնդել է, որ պետք է ծառայի ՀՀ զինված ուժերում: Բացի դա, նա ցանկություն է հայտնել ստանալ ռազմական կրթություն և ընդգրկվել խաղաղապահ զորքերում:
«Կամ անզգույշ դեպք է եղել կամ «սարքած» ինքնասպանություն: Մարդը չի կարող 15 րոպեում մտափոխվել», – պնդել է տղայի հայրը՝ Սեյրան Սահակյանը: