Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբաման հավաքեց 180 ձայն, նրա հիմնական մրցակիցը, Հանրապետական Միթ Ռոմնին՝ 31: Վեց քվեաթերթիկներ ճանաչվեցին անվավեր, դերասան Չակ Նորիսը 4 ձայն ստացավ, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ 3, ոմն Կեթրին Դաուն՝ 1: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր վաղ առավոտյան ընդունելություն էր կազմակերպել քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ուսանողների համար. հյուրերը հնարավորություն ունեին օնլայն ռեժիմով հետևել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակմանը: Ներկաներին առաջարկում էին նաև խորհրդանշական քվեարկության մասնակցել հատուկ առանձնացված սենյակում:
Քվեաթերթիկների վրա նշված էին երկու թեկնածուների՝ Օբամայի և Ռոմնիի անունները, ինչպես նաև դատարկ տող, որտեղ յուրաքանչյուրը կարող էր նշել իր նախընտրած թեկնածուին: Հենց այդպես էլ արդյունքների ամփոփման ժամանակ հայտնվեցին Ջոն Հեֆերնի և Չակ Նորիսի անունները:
Հայաստանցիները և Հայաստանում բնակվող և ԱՄՆ-ի դեսպանատանն աշխատող այդ երկրի քաղաքացիները փաստորեն հաստատեցին ամերիկացիների ընտրությունը: Տարբերությունն այն էր, որ Հայաստանում դեմոկրատ Օբաման հանրապետական Ռոմնիին հաղթեց մեծ առավելությամբ:
Նշենք, որ ընդունելության մասնակիցների համար դեսպանատունը նաև տեղեկատվական նյութեր էր պատրաստել Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների, ԱՄՆ-ի Ընտրական կոլեգիայի մասին:
Epress.am-ի թղթակիցն ընդունելության ժամանակ քաղաքական գործիչներից դահլիճում նկատել է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին, ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Հրանտ Բագրատյանին, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանին: