Սննդի անվտանգության պետական ծառայությունը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 59 տնտեսվարող սուբյեկտների մոտ հայտնաբերել է խախտումներ, որոնք վերաբերում էին թե՛ սանիտարահիգիենիկ պայմանների չկատարման, թե՛ մակնշման, թե՛ պահման պայմանների չկատարման հետ կապված խնդիրներին: Այդ սուբյեկտների մոտ ստուգումների արդյունքում թվով 18 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը արգելվել է կամ առանձին արտադրության, կամ ամբողջ արտադրության կտրվածքով: Այդ սուբյեկտներից են Կամո Օհանյան, «Անի-Մերի» ՍՊԸ, անհատ ձեռնարկատերեր Կարեն Քոչինյան և Էդիկ Բոզոյան, Սուսաննա Ղազարյան, Արմեն Սուքիասյան, «Ամասիայի գլխավոր պանրի գործարան» ՍՊԸ, «Վարդանուշ» ՍՊԸ, Սեդրակ-Տիգրան ՍՊԸ, «Կալինինո կաթ» ընկերություն, «Դումիկյան Եղբայրներ» ՍՊԸ, «Մաստարաչեդո» ՍՊԸ, «Իգիթ» ՍՊԸ, «ԱՄՄ» ընկերություն, «Կաթնամթերք Վան»ՍՊԸ, «Կյորու»:
Այսօրվա կառավարության նիստի ժամանակ խոսելով խնդրի մասին՝ ՀՀ սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը նշել է, որ տվյալ ընկերությունների մոտ տեսչական ստուգումների արդյունքում կատարվել են նմուշառումներ և լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտանբերվել է աղիքային ցուպիկի մանրէներ, մեծամասամբ չանախ տեսակի պանրի արտադրության հետ կապված:
5,5 տոննա պանիր ոչնչացվել է և տվյալ ընկերությունները ներկայումս իրականացնում եմ սանիտարահիգինեիկ պայմանների կատարման աշխատանքներ, իսկ ծառայության համապատասխան տեսուչների վերահսկողության ներքո թվով 59 տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության և կիրառվել է տուգանք, որի ընդհանուր գումարը կազմել է 10 միլիոն 450 հազար դրամ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է, թե ինչ վտանգ են առողջության համար ներկայացնում այդ մանրէները, ինչին ի պատասխան Բախչագուլյանն ասել է, որ իրենք ունեն թույլատրելի չափ աղիքային ցուպիկի հետ կապված, բայց աղիքային ցուպիկի մանրէների քանակը գերազանցում է նորման, որը մարդկանց մոտ բերում է մարսողական համակարգի խնդիրների:
«Ու դեռ դրա համար էլ վճարո՞ւմ են մեր քաղաքացիները, երբ էդ պանիրը օգտագործելուց հետո իրենց մոտ առաջանում են հիվանդություններ: Առաջին հերթին, մենք պետք է հրապարակային դարձնենք այդ արտադրողների անունները, ձեռնարկությունների անունները, որպեսզի մեր քաղաքացիները չօգտվեն այդ պանրից, և հրաժարվեն այդ ապրանքատեսակներից: Հաջորդ քայլը ո՞րն է լինելու»,- հարցրել է վարչապետը:
Աբրահամ Բախչագուլյանը նշել է, որ արդեն վերահսոկողության տակ են այս տնտեսվարող սուբյեկտները, բոլորի արտարդրությունը կանգնեցված է և նրանք պետք է ապահովեն սանիտարահիգիենիկ պահանջները, որից հետո պետք է թողարկեն փորձնական արտադրանք, և ենթարկվեն լաբորատոր փորձաքննության: Շեղումներ չհայտնաբերվելու դեպքում նրանց կրկին կթույլատրեն արտադրել: