2010 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի անդամ Ռուբեն Մարտիրոսյանն այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղարկել է հաղորդում հանցագործության մասին, որում խնդրում է քրեական գործ հարուցել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ, սույն գործով դատավոր Սամվել Մարդանյանի և գործով քննիչ Լևոն Պետրոսյանի նկատմամբ:
Նա իր հաղորդման մեջ հիշեցնում է, որ Արտակ Նազարյանի մահվան պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ համաձայն չէ տուժող կողմը, ինչպես նաև արձանագրում այն փաստերը, որոնք կարող են հիմք հանդիսանալ Մարդանյանի և Պետրոսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար:
«Քրեական գործով կատարվել է միակողմանի, կեղծ, իր հիմքում հանցավոր նախաքննություն, ինչի մասին ես Ձեզ բազմիցս տեղեկացրել եմ:
Գործով վկաներ Ռաֆայել Էվոյանը և Սմբատ Սարգսյանը դատարանում հրաժարվեցին իրենց նախաքննական ցուցմունքից և հայտնեցին, որ գործով քննիչ Լևոն Պետրոսյանն իրենցից խաբեությամբ կորզել է կեղծ ցուցմունք: Նրանք ասել են այլ բան, քննիչը գրել է բոլորովին այլ բան, իսկ վերջում քննիչը նրանց չի տրամադրել հարցաքննության արձանագրությունը ընթերցելու համար: Նկատենք, որ այս կեղծ ցուցմունքների օգնությամբ քննչական մարմինը դիտավորյալ սպանությունը ներկայացրել է որպես ինքնասպանություն», – գրում է Մարտիրոսյանը՝ խնդրելով ստուգել իր տրամադրած տեղեկատվությունը և Պետրոսյանի նկատմամբ քրեական գործ հարուցել պաշտոնական լիազորությունների չարաշահման համար:
Անդրադառնալով Մարդանյանին՝ Մարտիրոսյանն ընդգծում է, որ վերջինս պարտավոր էր միջնորդել դատախազությանը, որպեսզի փաստով հարուցվեր քրեական գործ, սակայն «դատավորը, ակնհայտորեն ձգտելով կոծկել նախաքննական մարմնի կողմից կատարված այս և մի շարք այլ հանցագործությունները, դա չի արել»:
«Նկատենք, որ այս կեղծ ցուցմունքների օգնությամբ քննչական մարմինը դիտավորյալ սպանությունը ներկայացրել է որպես ինքնասպանություն»,- նշել է Ռուբեն Մարտիրոսյանը՝ խնդրելով Մարդանյանի նկատմամբ քրեական գործ հարուցել պաշտոնական լիազորությունների չարաշահման և հանցագործությունը պարտակելու համար: