Խորհրդարանական համակարգի անցումը «ոտի վրա» լուծվող հարց չէ, դա առնվազն մի քանի ամիսների քննարկումներ է պահանջում, ուստի հարց է առաջանում՝ ինչու ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանի խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու մասին հայտարարում է հիմա՝ նախագահական ընտրությունների քարոզարշավից երկու ամիս առաջ: Նման կարծիք Epress.am-ի հետ զրույցում հայտնել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, ով չի բացառել, որ այդ թեմայի շուրջ քննարկումներ նախաձեռնելով՝ փորձ է արվում հասարակությանը շեղել կարևոր՝ նախագահական ընտրությունների թեմայից՝ ԶԼՄ-ներին քննարկման թեմա տալով:
Ըստ Բադալյանի՝ ինչ նպատակ էլ որ սահմանադրական փոփոխության առաջարկը հետապնդում է, այն արվել է ընդունված արարողակարգից խիստ շեղումով:
Քաղտեխնոլոգի խոսքով՝ այլ կուսակցություններին որևէ բարեփոխում անելու առաջարկ կարող է համարվել միայն կուսակցության նախագահի կամ նրա մամուլի խոսնակի հայտարարությունը:
Երկրորդ` այդ առաջարկը պետք է նախ թղթի վրա գրվի, ուղարկվի այլ կուսակցություններին, վերջիններս պետք է դրանք քննարկեն, ապա կարծիքներով կիսվեն իրենց ղեկավար մարմինների նիստերում: Բադալյանի խոսքով՝ Նաիրա Զոհրաբյանի բանավոր հայտարարությունն այս արարողակարգի խախտում է, և, ըստ էության, նաև վիրավորական պետք է լինի այլ կուսակցույունների համար:
«Չի ասվում՝ երբ է արվելու այդ փոփոխությունը՝ 2013-ի՞ն, 2017-ի խորհրարանականի՞ց հետո: Պարզ չէ՝ ԲՀԿ-ն փորձում է փոխվարչապետի հա՞րց լուծել: Մի քիչ կասկածելի է, երբ որևէ ծրագիր չկա ու առաջարկներ են ուղարկում այլ կուսակցությունների: Պետք չէ քաղաքական քննարկումները իջեցնել ֆայլաբազարի մակարդակի»,- ասել է Բադալյանը:
Փորձագետը հարցազրույցի վերջում երկու հետգրությամբ է հանդես եկել.
«Հ.Գ. Ժողովրդավարական պետություն է հանդիսանում ինչպես նախագահական համակարգ ունեցող ԱՄՆ-ն, այնպես էլ խորհրդարանական համակարգ ունեցող Գերմանիան և ոչ ժողովրդավարական է խորհրդարանական Հյուսիսային Կորեան և նախագահական բազում աֆրիկյան երկրներ: Այնպես որ` խնդիրը դրա մեջ չէ:
Հ.Հ.Գ. Խիստ կասկածում եմ, որ մեր հասարակությունը շունչը պահած հետևում է, թե ինչ կառավարման համակարգ են ուզում ընդունել»: