Իտալական «Ալիտալիա» ավիաընկերությունը, կապ ապահովելով Հայաստանի և Իտալիայի միջև, դեկտեմբերից սկսելու է իրականացնել նոր չվերթ՝ Հռոմի «Ֆիումիչինո» օդանավակայանից: Այսօր այս մասին լրագրողներին տեղեկացրել է «Ալիտալիա» ավիաընկերության տարածաշրջանի գլխավոր մենեջեր Ջովանի Սիմոնին՝ հավելելով, որ այս որոշումը պատմական կարևոր հանգրվան է դառնալու Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերություններում:
«Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ` A 320 օդանավերով՝ Իտալիայից Երևան՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին, իսկ Երևանից Իտալիա՝ չորեքշաբթի և շաբաթ՝ վաղ առավոտյան: Հռոմից ինքնաթիռը ուղևորվելու է տեղի ժամանակով 22.20-ին, Երևան է ժամանելու առավոտյան ժամը 5.15, 5.20 և Երևանից մեկնելու է առավոտյան ժամը 6.05-ին: Կա մի կարևոր հանգամանք՝օդանավը Հռոմ է ժամանելու ժամը 7.30-ին, իսկ կարևոր է նրանով, որ հայաստանցի ուղևորին այն հնարավորություն կընձեռի անխափան կապվել Եվրոպա, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներ մեկնող թռիչքներին»,- նշել է Սիմոնին:
Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին ողջունել է «Ալիտալիա» ավիաընկերության մուտքը Հայաստան` նշելով, որ իտալական նոր ավիաընկերության մուտքով ավելի կսերտանան հարաբերությունները երկու երկրների միջև: