«Արմավիա» ավիաընկերությունը պետք է հասկանա, որ պետք է վճարի այն ծառայությունների համար, որոնք ստանում է, ինչպես մյուս բոլոր ավիաընկերությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հնարավորինս փորձում է համագործակցել «Արմավիայի» հետ: Այս տարվա սկզբից օդանավակայանի կողմից «Արմավիային» տրամադրվել են հատուկ սակագներ, ինչն այդքան էլ հեշտ չէր օդանավակայանի համար, նշել է գլխավոր մենեջերը:
«Մենք ինքներս ուրախ չէինք դրա համար, սակայն «Արմավիային» օգնելու համար համաձայնեցինք, մինչև որ ընկերությունը կլուծի իր ֆինանսական խնդիրները: Մյուս կողմից՝ վերջին տարիներին օդանավակայանը մեծ ներդրումներ է արել, և դրանց արդյունքում մենք ունենք այս օդանավակայանը, որը լավագույնն է տարածաշրջանում՝ անվտանգության ու ապահովության առումով, ինչը նույնպես ծախսեր է ենթադրում»,- ասել է Վենդեն:
Նրա խոսքով՝ «Զվարթնոցը» շարունակելու է համագործակցությունը «Արմավիայի» հետ և միաժամանակ պաշտպանելու է իր իրավունքները. այն է՝ այս պահին ստանալ օդանավակայանին պատկանող գումարները:
«Եթե մենք շարունակենք աշխատել այն պայմաններով, որ «Արմավիան» է խնդրում, այսինքն՝ չվերթներ իրականացնել առանց վճարելու, մյուս բոլոր ավիաընկերությունները կցանկանան նույնը անել: Մեզ համար դա անընդունելի է, որովհետև մենք պետք է շարունակենք օդանավակայանի բնականոն աշխատանքը»,- ասել է Վենդեն:
Նա նաև նշել է, որ անկախ ավիաընկերության՝ օդանավկայանին վճարվելիք պարտքի չափից, իրենք փորձում են օգնել «Արմավիային»:
«Պարտքի չափը մեր ու ավիաընկերության ներքին հարցն է, սակայն կարող եմ նշել, որ պարտքը շատ ավելի է գերազանցում թույլատրելի չափը, մենք փորձում ենք ստանալ մեր գումարները», – եզրափակել է Վենդեն: