19-րդ դարի բրիտանացի գիտնական Չարլզ Դարվինը 4000 ձայն է ստացել ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրություններին Ջորջիա նահանգում, հաղորդում է The Athens Banner-Herald-ը:
Խոսքը գնում է միայն մեկ շրջանի՝ Աթենս-Քլարկի մասին: Որքան ձայն է Դարվինը ստացել մյուս շրջաններում, առայժմ հայտնի չէ:
Դարվինին ձայներ տալով՝ մարդիկ իրենց բողոքն են արտահայտել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Փոլ Բրաունի վերընտրման դեմ, ով միակ թեկնածուն էր:
Յուրօրինակ բողոքի ակցիայի մասնակիցներն ընտրել էին Դարվինին, քանի որ Բրաունը հերքում է Դարվինի էվոլյուցիայի տեսությունը: Քարոզարշավի ընթացքում, տեղի եկեղեցիներից մեկում ելույթ ունենալով, Բրաունը էվոլյուցիայի և էմբրիոլոգիայի տեսություններն անվանել է «դժոխքի ստեր»: Նա կոչ է արել հիմնվել միայն այն գիտելիքների վրա, որոնք առկա են Աստվածաշնչում:
Դրանից հետո Ջորջիայի համալսարանի կենսաբան Ջիմ Լիբենս-Մեքը Facebook սոցիալական ցանցում էջ է ստեղծել՝ «Դարվինը՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի թեկնածու», որից հետո մարդիկ ակտիվորեն սկսել են քվեարկել Դարվինին: