Այսօր ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների հերթական բողոքի ակցիան, որով նրանք պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում վճիռ է ընդունվել 2-6 տարվա ազատազրկման դատապարտել Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրմաիջյանին: Այս պահին երիտասարներից անազատության մեջ է միայն Տիգրան Առաքելյանը, մյուսների բողոքը քննվում է ՀՀ վերաքննիչ դատարանում:
Այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ ակտիվիստներից մեկը բերել էր դդում՝ «Դդում եմ, դդում էլ կմնամ. Աղվան Հովսեփյան» գրությամբ, իսկ երիտասարդների գործով դատավորի, դատախազի ու քննիչի հասցեին դդումի վրա գրված էր, որ նրանք խուլ են, հանցագործ ու ազգի դավաճան:
ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին կանգնել էր ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ ու պարզել «Մարդասպանների իրավական աջակցության կենտրոն» գրությամբ պաստառ:
Ակցիայի ժամանակ ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը բարձրախոսով հայտարարել է. «Պահանջում ենք պատժել Սերժ Սարգսյանի անձնական շահերը սպասարկող դատավորին ու դատախազին»: Դրանից հետո բոլորը սկսել են վանկարկել «Պահանջում ենք», «Ամոթ հանցագործ դատախազներին, ամոթ հանցագործ դատավորներին», «Աղվան հանցագործ» և «Ազատություն» կարգախոսները: