Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ տեղի է ունեցել Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի՝ «Քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ-ի դեմ հայցով դատական նիստը: Դարբինյանը պնդում է, որ կենտրոնն իր մասին կեղծ տեղեկատվություն է հրապարակել՝ նպատակ ունենալով վնաս հասցնել ռեկտորի պատվին և արժանապատվությանը:
Հիշեցնենք, որ կենտրոնը www.n-idea.am-ում «Արմենչիկ Դարբինյանը վճարել չի սիրում. ինչո՞ւ պիտի սիրի որ, եթե պաշտպանվում է հայկական պետության կողմից» հոդվածում Դարբինյանի մասին գրել էր. «Պետությունը որոշել է նախկին վարչապետ Արմենչիկ Դարբինյանին ցմահ օգտագործման նվիրել մի ամբողջ համալսարան։ Ավելին, պետությունը նրան թույլ է տվել ապրել իրավական դաշտից դուրս, այլ բարիքներ էլ է նվիրել, որոնք նա կարողացել է «ցրել»։ Եվ ոչ միայն նրան, այլ նաև նրա ընտանիքի անդամներին. այսպես, պետությունն Արմենչիկ Դարբինյանի հորը նվիրել է անվանական ատրճանակ: Բայց ամենազզվելին այն է, որ պետությունն Արմենչիկ Դարբինյանին թույլ է տալիս անպատիժ մտնել Հայաստանի հասարակ քաղաքացիների գրպանը»:
Հոդվածագիրը նաև հիշեցնել էր այլ հրապակումներ, որտեղ խոսվում է այն մասին, որ նախկին վարչապետը հսկայական վնաս է հասցրել գործարար Զորայր Սերոբյանին, որը այդպես էլ չի կարողացել դատական կարգով ստանալ իր 2 մլն դրամից ավելի փոխհատուցումը:
Դարբինյանի փաստաբան Տիգրան Նահապետյանը Epress.am-ի հետ զրույցում հայտնել է, որ իր վստահորդը վերը նշվածը զրպարտություն է որակում և վիրավորանք է համարում հոդվածում առկա «ցռան», «խղճուկ ցռան», «ոչնչություն», «արմենչիկակերպ ուռոդներ» ձևակերպումները:
«Քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ-ի շահերը դատարանում ներկայացնում էր կենտրոնի թարգմանիչը, որը իր հիմնավորումներն է հանձնել դատարանին: Ըստ նրա՝ հոդվածը ընդամենը գնահատական է տվել Դարբինյանին:
Գործը մտել է դատաքննության փուլ, հաջորդ նիստի մասին կողմերը կծանուցվեն: