Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներն այսօր Երևանի կենտրոնում անցկացրել են բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն թուրքական բանտերում գտնվող քուրդ պատգամավորների, քաղաքապետերի և այլ գործիչների:
Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում շուրջ 15 000 քրդեր, Քրդական բանվորական կուսակցության և «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամներ, ակտիվիստներ, թուրքական խորհրդարանի քուրդ պատգամավորներն, քաղաքապետեր, մեծ քանակությամբ երեխաներ լցվել են բանտեր և ենթարկվում են Լինչի դատաստանի:
«Նրանց խոշտանգում են, մեր անչափահաս աղջիկներին բռնաբարում են և այլն, և այլն: Եվ դրա համար մենք մեր աջակցությունն ենք հայտնում այդ կալանավայրերում գտնվող քրդերին, որոնցից 70-ն անժամակետ հացադուլ են հայտարարել և այսօր 59-րդ օրն է, որ այդ հացադուլը գնում է: Հացադուլավորների պահանջն այն է, որ առաջին հերթին քուրդ ժողովրդի առաջնորդ Օջալանին տան ազատություն և միաժամանակ ապահովվի նրա անվտանգությունը, նրա առողջությունը, և հնարավորություններ ստեղծվեն նրա հետագա գործունեության համար: Թուրքիայում 20 միլիոն քրդերի լեզուն արգելված է, և հաջորդ պահանջն այն է, որ այդ արգելանքը քրդերեն լեզվի վրայից հանվի: Եվ վերջապես, եթե այս պահանջները չկատարվեն, իրենք հայտարարել են, որ այդ հացադուլը կշարունակվի մինչև վերջ: Այսօր այդ 70 հոգու վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք գտնվում են մահվան շեմին»,- ասել է Կնյազ Հասանովը:
Նա նշել է, որ այս երևույթը թուրքական իշխանություններն անտարեբերության և անուշադրության են մատնել և ոչ մի միջոցառում չեն ձեռնարկում: Հասանովը նաև տեղեկացրել է, որ այսօր աշխարհի բոլոր քրդերը, որտեղ որ գտնվում են, բողոքի ակցիաներ են կազմակերպում:
Այսօրվա ակցիային մասնակցում էին նաև Հայաստանի քրդական համայնքի շուրջ 100 կանայք՝ Հայաստանի տարբեր մարզերից, որոնք Թուրքիայի իշխանություններին դատապարտող նամակ են ուղարկել միջազզգային կազմակերպություններին՝ ՄԱԿ-ին, ԵՄ-ին, ԵԽ-ին, գերտերություններին և Հայաստանում գործող բոլոր դեսպանատներին: