«Սթար» սուպերմարկետների ցանցը շուրջ 1 միլիոն պարտք է «Մանան» ընկերությանը, որը «Սթարին» մատակարարում է սեփական արտադրության գինու 5 տեսականի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է «Մանանի» սեփականատեր Ավագ Հարությունյանը: Վերջինս նշել է, որ իրեն չի հաջողվում «հետ ստանալ» սուպերմարկետների ցանցին մատակարարված մոտ 700 շիշ գինու դիմաց կուտակված պարտքը, իսկ բանակցությունները շարունակվում են արդեն մեկ տարի:
«Ամեն անգամ գցում է: Զանգում ենք, զանգերին չեն պատասխանում, հրավիրում ենք հանդիպման, թողնում են, գնում: Իհարկե, մենք ստանալու բազմաթիվ ձևեր ունենք՝ ընդհանուր ընկերներ, ընդհանուր կրիմինալ, բայց որպես գործընկեր՝ դեռ հանդուրժում ենք», – ասել է Հարությունյանը:
Նա նաև նշել է, որ բանակցությունների նոր փուլ է սկսվել «Սթարի» նոր սեփականատերերի հետ: Հարությունյանի տեղեկացմամբ՝ «Սթարը» վաճառվել է: Նշենք, որ դեռևս նոյեմբերի 2-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Սթարի» սեփականատեր Գևորգ Աֆանդյանը վաճառում է ընկերությունը կուտակված պարտքերի պատճառով: Նոր սեփաքանատիրոջ անունը թերթը չի նշել: