Այս պահին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այց Հայաստան չի նախապատրաստում, և նման քննարկումներ ներկա պահին չեն ընթանում: Երեկ այս մասին «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին հայտնել են Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունից։
«Այս կերպ ՌԴ նախագահի մամլո ծառայությունը պատասխանել է մեր թղթակցի խնդրանքին՝ մեկնաբանել «տեղեկությունները, թե մինչև 2013 թվականի փետրվարին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները նախատեսվո՞ւմ է Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան», – գրում է «ՀԺ»-ն:
Նույն հարցին ի պատասխան՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից թերթի թղթակցին ասել էին, որ Պուտինի այցի վերաբերյալի տեղեկատվության չեն տիրապետում և խորհուրդ են տվել դիմել ՌԴ նախագահի մամուլի ծառայություն։
«ՀԺ»-ն հիշեցնում է, որ դեռ ամռանը ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինն ասել էր, թե Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելու համար սեպտեմբերի 7-ին Պուտինը ժամանելու է Հայաստան։
«Զորավարժությունները մոտ 2 շաբաթով հետաձգվեցին, իսկ Պուտինն այդպես էլ չեկավ»,– գրում է թերթը։