2013 թվականի պետբյուջեն չի արձագանքում Հայաստանի ներկա տնտեսական առաջնահերթություններին, օրինակ՝ հարստության չափից դուրս կենտրոնացվածությանը, ներքին շուկայի կրճատմանը, օլիգարխիկ կառուցվածքների գերակշռությանը, տնտեսական կյանքում ֆինանսական ու հատկապես բանկային համակարգերի «ամրապնդմանը»: Պետբյուջեի մասին իր դիտողությունները ամփոփելով՝ Facebook սոցիալական ցանցում գրել է ՀԱԿ-ի պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Բագրատյանի մոտ տպավորություն է, թե կառավարությունը դիտմամբ է այսպես վարվել, կարծես ասելով ժողովրդին՝ «վեր կաց, այս երկրից գնա»:
«2013-ին ունենալով եկամուտների 13,2 և ծախսերի 10,2% աճ՝ կառավարությունը, այնուամենայնիվ, չի կարողացել գոնե փոխհատուցել գնաճը բյուջետային աշխատողների համար (միջին աշխատավարձի 4.1% աճ 4.2% գնաճի դեպքում)։ Ինչ վերաբերում է թոշակառուներին, ապա այստեղ որևէ բարձրացում նախատեսված չէ։ 2013-ին թոշակառուները 4.2%-ով ավելի վատ են ապրելու, քան 2012-ին։ 2013-ը բացառիկ տարի է արտաքին պարտքի մարման ու սպասարկման տեսանկյունից. ոչ խելամիտ քաղաքականության պատճառով (ժամանակին զգուշացնում էինք) դրա համար նախատեսված գումարը (418 մլն դոլար) 2012 թվականի համեմատ միանգամից կրկնապատկվում է։ Սրան կառավարությունն ավելացրել է մի երրորդ խնդիր՝ դեֆիցիտի կրճատումը 3.2%-ից մինչև 2.6%։ Ո՞վ է տեսել այս 3 հիմնախնդիրը լուծեն մեկեն», – գրել է Բագրատյանը:
Ըստ տնտեսագետի՝ ուղերձի կառուցվածքային քաղաքականության մասը դպրոցական շարադրության մակարդակով մտքերի հեղեղ է՝ իմաստազուրկ, ընդհանուր, պրիմիտիվ և հաճախ էլ սուտ՝ երկարաշունչ, անբովանդակ նախադասություններով:
«Ներկա պայմաններում շահութահարկը պետք է կազմի առնվազն 250 մլրդ դրամ։ Այսօր փաստացի թիվը 2 անգամ ցածր է (2013թ – 127,1մլրդ դրամ): Ակնհայտ է, որ այս 123 մլրդ դրամը այն գումարն է, որը խոշոր (օլիգարխիկ) ձեռնարկատերերը բյուջե չեն մուծում։ Համապատասխան միջոցների ձեռնարկման և քաղաքական կամքի դրսևորման դեպքում արդեն 2013-ին կարելի կլիներ ավելացնել շահութահարկի գծով մուծումները 30 մլրդ դրամով, իսկ 2014-ին ստանալ լրացուցիչ ևս 120 մլրդ դրամ շահութահարկ։ Մենաշնորհ ու շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունների համար սահմանել լրացուցիչ շահութահարկ՝ մոնոպոլ շահույթի 50%-ի չափով»,- խորհուրդ է տվել Բագրատյանը:
Epress.am-ի խնդրանքով բյուջեի մասին կարծիք է հայտնել նաև տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը: Նրա գնահատմամբ՝ 2013թ. բյուջեն ամենաանհաջողներից է, թեև դա կանխատեսելի է, քանի որ կառավարության քաղաքականությունը չի փոխվել: Փոփոխությունը, ըստ նրա, այն է, որ սույն բյուջեով ավելի վատթարանալու են փոքր բիզնեսով զբաղվելու պայմանները:
«Եթե մինչ այս 50 միլիոն դրամ եկամուտն էր այն շեմը, որից հետո տնտեսվարողը պետք է ավելացաված արժեքի հարկ վճարեր, իսկ այժմ 30 միլիոն դրամի է իջեցվել այդ շեմը: Երկրորդ մեծագույն խնդիրն արտաքին պարտքն է: Արտաքին պարտքի և պաշտպանության ծախսերը միայն կազմելու են մոտ 900 միլիոն ԱՄՆ դոլար, այսինքն՝ բյուջեյի 30%-ը»,- ասել է Վահագն Խաչատրյանը: Տնտեսագետը հավելել է, որ նման ծախսերը հաշվի առնելով՝ ծիծաղելի է կառավարության ձևակերպումը, թե այս բյուջեն «սոցիալական ուղվածություն» ունի: