Վաղը՝ նոյեմբերի 13-ին, ժամը 13:00-ին ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ցույց է կայանալու, որը կազմակերպում են 2010 թվականի հուլիսին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով տուժող և մեղադրվող կողմերը:
Նշենք, որ վաղը պետք է կայանա գործով հերթական դատական նիստը, սակայն դատաքննության մասնակիցները նիստին ներկայանալու փոխարեն որոշել են իրենց բողոքի ձայնը բարձրացնել «շարունակական և հետևողական ապօրինությունների դեմ»:
«2010 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատական նիստերն առանձնանում են դատավոր Սամվել Մարդանյանի կողմից բոլոր կողմերի բազմաթիվ միջնորդությունների, ինքնաբացարկների ապօրինի մերժումներով: Դատարանի դահլիճում ակնհայտ է դարձել բոլորին, որ նախագահողը պարզապես չի տիրապետում օրենքներին և կայացնում է ապօրինի, կամայական որոշումներ, որոնք հակասում են ՀՀ օրենսդրությանը», – նշում են բողոքի ակցիայի կազմակերպիչները: